Էդուարդ Շարմազանովն Անթալիայում լքել է նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի

Թուրքական մամուլի պնդմամբ՝ Յըլդըրըմի եւ Շարմազանովի միջեւ միջադեպ է տեղի ունեցել դռնփակ նիստի ժամանակ:
eduard-sharmazanov

Անթալիայում անցկացվող Եվրասիական պետությունների խորհրդարանների խոսնակների 3-րդ համաժողովին Թուրքիայի մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմը ձայնի իրավունք է տվել Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակին:

Հայկական պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ, որպես բողոքի նշան՝ ընդդեմ Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի, հայկական պատվիրակության անդամների հետ լքել է դահլիճը: Թուրքական մամուլի պնդմամբ՝ Յըլդըրըմի եւ Շարմազանովի միջեւ միջադեպ է տեղի ունեցել դռնփակ նիստի ժամանակ: Շարմազանովը հայտարարություններ է արել Հայոց ցեղասպանության եւ Արցախի վերաբերյալ, ինչը խիստ բարկացրել է Յըլդըրըմին: Նա ասել է, թե Հայաստանի ներկայացուցչի խոսքերն անվայել են այս հավաքին:

Համաժողովի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի նախագահն էլ անդրադարձել է արցախյան հակամարտությանը, Հայաստանին ագրեսոր անվանել: Ի պատասխան՝ Շարմազանովն ասել է. «Թե′ Հայաստանը, թե′ Արցախը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են: Ադրբեջանցի իմ գործընկերը խոսեց խնդրի խաղաղ կարգավորման մասին: Պարոն Ասադով, եթե դուք իրոք ուզում եք լուծել խնդիրը, ապա նախեւառաջ պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»:

*

*