ՌԴ իշխող կուսակցությունը կողմ է ՀՀ-ի հետ համագործակցության «և′, և′»-ի քաղաքականությանը

...մյուս տեսակետները չեն արտահայտում ՌԴ պաշտոնական դիրքորոշումը
serj-sargsyan-jeleznyak

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 27-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայում խորհրդարանական մեծամասնություն կազմող իշխող քաղաքական ուժի՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատվիրակությանը, որի կազմում են նաև Պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամներ:

Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու պայմաններում միջխորհրդարանական համագործակցության նշանակությունը:

Նախագահը հայ-ռուսական բազմակողմ գործընկերության կարևոր բաղկացուցիչ է համարել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Միասնական Ռուսաստան» կուսակցության միջև սերտ համագործակցությունը:

Պատվիրակությունը գլխավորող «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը նշել է, որ Հայաստանում իրականացվող բավականին իմաստուն և կշռադատված քաղաքականությունն այսօր թույլ է տալիս առավելագույնս օգտագործել զարգացման այն ներուժը, որն ունի Հանրապետությունը:

Նա ընդգծել է, որ ՌԴ իշխող կուսակցությունը կողմ է հարաբերությունների և համագործակցության զարգացման «և′, և′»-ի, այլ ոչ թե «կա′մ, կա′մ»-ի քաղաքականությանը: Հայաստանն այդ համատեքստում է զարգացնում իր հարաբերությունները ՌԴ-ի և ԵՄ-ի հետ, ուստի, ըստ Սերգեյ Ժելեզնյակի, բոլոր այն տեսակետները, որոնք տարբերվում են վերոնշյալ դիրքորոշումից, չեն արտահայտում ՌԴ պաշտոնական և իշխող քաղաքական ուժի մոտեցումները:

*

*