Ռուսաստանը կշարունակի աջակցել ԼՂ հակամարտող կողմերին լուծում գտնելու հարցում. Լավրով

«Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանը նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ․․․»
lavrov

Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հիմնախնդրի լուծում գտնելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանը նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է հետագայում էլ աջակցել կողմերին փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում՝ համաձայն այն սկզբունքների, որոնք բազմիցս հավանության են արժանացել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից»,- հայտարարեց Լավրովը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին, անդրադառնալով ԼՂ խնդրին․ մտահոգիչ է համարում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը:

«Ես հավասարապես մտահոգված եմ ԵԱՀԿ տարածքում բոլոր հակամարտությունների առկայության փաստով: Լարվածության և թշնամանքի աճը Լեռնային Ղարաբաղում լուրջ մտահոգության առիթ է»,- հայտարարել է Ծերեթելին: Նա հիշատակել է նաև ուկրաինական ու վրացական խնդիրները:

 

*

*