Դրանք կրակոցներ էին ԵԱՀԿ-ի ուղղությամբ. Արմեն Աշոտյան

...ու կառույցը հերթական անգամ հեղինակազրկելու փորձ
eahk

Ադրբեջանական կողմից հնչած կրակոցները Տավուշի մարզում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընթացքում հարված էին ԵԱՀԿ-ի ուղղությամբ ու կառույցը հերթական անգամ հեղինակազրկելու փորձ։ Նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

«Սրանք կրակոցներ էին ԵԱՀԿ-ի ուղղությամբ։ Սա կառույցը հեղինակազրկելու հերթական փորձ էր։ Ադրբեջանական ղեկավարությունը դիվանագիտական առումով բանակցային գործընթացում մտցրել է փակուղի, և Ադրբեջանն էլ դե ֆակտո չի կարող տալ իր համաձայնությունը հայտնի դրույթներին։ Դա երկակիության հետևանք է՝ հասարակությանը «կերակրել» այլ հայտարարություններով, դրսում անել այլ հայտարարություններ։ Ադրբեջանի կողմից բանակցային խաղը փոխելու ջանքեր են գործադրվում»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ն այսօր զբաղված են իրենց կորցրած ազդեցությունը վերականգնելու գործով և չեն կարողանում ավելի արագ արձագանքել նմանատիպ միջադեպերին։

Աշոտյանի կարծիքով՝ ԵԱՀԿ-ն խուսափում է Ադրբեջանի հետ կապերը վերջնականապես խզելուց։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն շատ լավ գիտի, թե ով է կրակում, պարզապես խուսափում է հակադրվել, որպեսզի Ադրբեջանին առիթ չտա՝ ԵԱՀԿ կարգավորիչ մանդատը հարցականի տակ դնելու։

*

*