ԵԱՀԿ. Նախագահները համաձայնել են կարճ ժամանակում ամբողջացնել հետաքննության մեխանիզմների ներդրումը

Բանակցությունների վերսկսման նպատակով քննարկումների հաջորդ փուլը կկայանա հունիսին...
Handipum-Vienna

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Վիեննայում մայիսի 16-ին կայացած հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել: Այս մասին հայտնում են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:

Հայտարարությունում ասվում է.

«ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը, ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, մայիսի 16-ին հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` առաջ մղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Նրանք վերահաստատել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի և պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը:

Նախագահները վերահաստատել են հանձնառությունը հրադադարի պահպանմանն ու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հետագա բռնությունների ռիսկը կրճատելու համար նրանք համաձայնել են հնարավորինս կարճ ժամանակում ամբողջացնել հետաքննության մեխանիզմների ներդրումը: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շուրջ: Նրանք համաձայնել են նաև անհայտ կորած անձանց տվյալների փոխանակմանը Կարմիր խաչի հովանու ներքո, որի շուրջ նախագահները համաձայնություն էին ձեռք բերել նաև 2014թ. հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ:

Նախագահները համաձայնել են հակամարտության բազմակողմանի լուծման հասնելու բանակցությունների վերսկսման նպատակով անցկացնել քննարկումների հաջորդ փուլը, որը կկայանա հունիսին, վայրը դեռևս պետք է համաձայնեցվի»:

Մեկ Մեկնաբանություն
  • ԵԱՀԿ. Նախագահները համաձայնել են կարճ ժամանակում ամբողջացնել հետաքննության մեխանիզմների ներդրումը — Armenian National Committee of America
    17 мая 2016 at 12:00

    […] […]

  • *

    *

    Լրահոս

    Բոլոր նորությունները