Բացահայտվել են Ադրբեջանի քայլերը՝ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի դեմ

Ադրբեջանին չի գոհացնում այն փաստը, որ ԵԱՀԿ գրասենյակը աջակցում է Հայաստանի Մարդասիրական ականազերծման...
eahk-minski-xumb

Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ակնհայտ սուտ տեղեկություններ տրամադրել այն մասին, թե ինչո՞ւ է խոչընդոտում Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը:

Ինչպես հայտնում է «Մեդիամաքսը», այդ մասին է վկայում 2016 թվականի դեկտեմբերի 31-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում կայացած քննարկումների արձանագրությունը:

Նիստի սկզբում նախագահողը նշում է, որ մեկ պատվիրակություն (Ադրբեջանը-խմբ.) հարց է բարձրացրել այն մասին, որ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի նախատեսվող գործունեությունը ականազերծման ոլորտում չի համապատասխանում գրասենյակի մանդատին:

Այնուհետեւ նախագահողը տեղեկացնում է, որ ԵԱՀԿ Գերմանական նախագահությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ էր գործուղել իր հատուկ պատվիրակին:

«Հիմնվելով նրա ներկայացրած փաստերի վրա, մենք եզրակացրեցինք, որ խնդրի առարկա դարձած գործունեությունը չի հակասում գրասենյակի մանդատին», — ասել է նախագահողը:

Նա նաեւ տարակուսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը չի լուծվել, «չնայած որ բովանդակային առումով գտնվել է բոլորի համար ընդունելի լուծում, եւ մնացած խնդիրները բացառապես ընթացակարգային բնույթի են»:

«Ճկունության բացակայությունը նույնիսկ այն պայմաններում, երբ տրվել են բովանդակությանը վերաբերող հարցերի պատասխանները, վնաս են հասցնում մեր աշխատանքին, համագործակցություն եւ անվտանգություն խթանելու մեր ընդհանուր ջանքերին: Եթե նման վերաբերմունքը շարունակվի կամ դառնա տարածված, դա ԵԱՀԿ-ն անգործունակ կդարձնի», — ասել էր Գերմանիան ներկայացնող նախագահողը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում:

Նիստում Ադրբեջանի ներկայացուցիչը պնդել էր, որ չի պատրաստվում տալ իր համաձայնությունը Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման համար, քանի որ վերջինս մտադիր է զբաղվել ականազերծմանը վերաբերող գործունեությամբ, ինչը «հստակ հետճգնաժամային վերականգնման միջոցառում է»:

Մասնավորապես, Ադրբեջանին չի գոհացնում այն փաստը, որ ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է Հայաստանի Մարդասիրական ականազերծման եւ փորձագիտական կենտրոնին, որը ականազերծման աշխատանքներ է տանում Ադրբեջանին սահմանակից Հայաստանի բնակավայրերում:

Ադրբեջանի ներկայացուցիչը ափսոսանք էր հայտնել, որ բանակցությունները ԵԱՀԿ գործող գերմանական եւ ապագա ավստրիական նախագահության եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ չեն տվել Բաքվի ցանկալի արդյունքը:

Մասնավորապես, Բաքուն ցանկանում էր, որ ԵԱՀԿ գործող գերմանական եւ ապագա ավստրիական նախագահությունները հանդես գային համատեղ փաստաթղթով, որով կոչ կանեին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին դադարեցնել ականազերծմանը վերաբերող գործունեությունը:

Հայաստանի ներկայացուցիչն, իր հերթին, ասել էր, որ Ադրբեջանը ԵԱՀԿ ընկալում է «որպես մարտադաշտ՝ պատանդ վերցնելու ոճով հակամարտության մասին իր պատկերացումները ներկայացնելու համար»:

«Մենք չենք կարող տպավորություն ստեղծել, որ հանդուրժելու ենք Ադրբեջանի քայքայիչ քայլերը եւ կոնսենսուսի սկզբունքի չարաշահումը», — շեշտել էր Հայաստանի ներկայացուցիչը:

*

*