ԱԺ արտահերթ ընտրություններն անցել են ազատ պայմաններում. ԵԱՀԿ դիտորդական խումբ

«Ընտրական օրենսգրքի բոլոր ընթացակարգերը պաշտպանված էին...»

Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել ազատ պայմաններում և վայել են ժողովրդի լայն վստահությունը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ դիտորդական խմբի հատուկ համակարգող Պետր Օսուսկին՝ ներկայացնելով իրենց դիտորդական խմբի եզրակացությունը Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ:

«Հայաստանում գործել են բաց քաղաքական բանավեճերը, ներառյալ ԶԼՄ-ների մասնակցությամբ և առցանց: Խախտումների ընդհանուր բացակայությունը, այդ թվում ՝ քվեների առք ու վաճառքի և ճնշումների բացակայությունը, հնարավորություն են տվել իրականացնել իրական մրցակցություն: Մեր բոլոր դիտորդները նշել են, որ ընտրական օրենսգրքի բոլոր ընթացակարգերը պաշտպանված էին : Մարդկանց շատ շատերը նշել են, որ ընտրությունները և քարոզարշավի ընթացքը եղել են բաց և պարզ, ինչպես նաև կայացել են բովանդակային բանավեճեր: Դիտորդները նաև նշել էին, որ կցանկանային լիդերների բանավեճեր լինեին նաև իրենց երկրներում»,-ընդգծեց ԵԱՀԿ դիտորդական խմբի համակարգողը:

Նրա խոսքով՝ որոշակի մտահոգություն և անհանգստություն է առաջացրել ընտրությունների ֆինանսավորման կարգը, որը ստեղծել է որոշ անհավասար պայմաններ:

Օսուսկին հավելեց, որ մրցակիցները հնարավորություն են ունեցել իրականացնել իրենց քարոզարշավները, և բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծվել էին հավասար պայմաններ հավաքների ազատ անցկացման համար:

«Այսօրվա Հայաստանի իշխանությունն արտահայտել է իր քաղաքական կամքը ընտրությունները անցկացնել արդար և հավասար պայմաններում, ինչպես նաև այդ իշխանությունը չի խրախուսել քվեների առք ու վաճառքը: Բայց ամեն դեպքում որոշակի փոփոխություններ են անհրաժեշտ, և այդ առումով մեր կազմակերպությունը հանձնարարականներ և առաջարկներ է ներկայացրել, որոնք  մենք կցանկանայինք, որ իրականացվեր»,- ասաց Օսուսկին:

«Ժողովրդավարությունը չի կարող առաջ գնալ առանց լայն հանրության վստահության և հաճելի է նշել, որ ընտրությունների ժամանակ կար այդ վստահությունը և դա էր այս ընտրությունների հիմնական բնութագիրը»,- եզրափակեց Օսուսկին:

*

*