«Ադրբեջանի զինված ուժերը որդեգրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռագիրը» — Երկիր Մեդիա

«Ադրբեջանի զինված ուժերը որդեգրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռագիրը»

ԵԱՀԿ Մշտական Խորհրդի hատուկ նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպան Կիրակոսյանի ելույթը...
eahk-despan-arman-kirakosyan-eluyt-adrbejan-isis

ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1094-րդ հատուկ նիստի ժամանակ ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը համոզմունք է հայտնել, որ լայնածավալ ռազմական գործողությունները որևէ օգուտ չեն կարող բերել տարածաշրջանի ժողովուրդներին:

ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծումը նպատակ էր հետապնդում շեղել միջազգային հանրության ուշադրությունը երկրում մարդու իրավունքների ոտնահարուման դեպքերից, զսպել հասարակության դժգոհությունը նավթի գների անկմամբ ու գնաճով պայմանավորված սոցիալ-տնտեսական խնդիրներից ու խաթարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ փորձելով առավելություններ ձեռք բերել սադրանքների և ուժի կիրառման միջոցով:

Հայաստանի դեսպանը նշել է, որ վերջին առճակատումն առանձնանում է նախորդ սրացումներից տարածքի զավթման փորձերով և քաղաքացիական բնակչության ու բնակավայրերի զանգվածային հրետակոծությամբ, ինչը միտված է ահաբեկելու ԼՂ ժողովրդին: Լեռնային Ղարաբաղում դպրոցի հրետակոծությունն, ինչը հանգեցրել է երեխաների սպանության և վիրավորման, ու ադրբեջանցի հատուկ ջոկատայինների կողմից Թալիշ գյուղում իրականացված տարեցների դաժան սպանությունը որակվեցին որպես պատերազմական հանցագործություններ: Արման Կիրակոսյանն ընդգծել է, որ քաղաքացիական անձանց այդ կոտորածը հիշեցնում է ԼՂ հակամարտության սկզբնական փուլում Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ ու այլ քաղաքներում հարյուրավոր հայերի ջարդերը: Հայկական կողմը փաստել է, որ Ադրբեջանի զինված ուժերը որդեգրել են «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կառույցի ձեռագիրը՝ իրականացնելով խաղաղ բնակչության առանձնակի դաժանությամբ սպանություններ միջոցով իրենց մարտական ոգին բարձրացնելու համար: Ադրբեջանն անգամ չի փորձում թաքցնել սահմանամերձ բնակավայրերի, հատկապես, Մարտակերտ քաղաքի հրետակոծությունն ու անգամ սպառնում է թիրախ դարձնել ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Դեսպան Կիրակոսյանն ընդգծել է, որ վերոհիշյալ պատերազմական հանցագործություններն ակնհայտ են դարձնում, թե ինչ կպատահի ԼՂ բնակչության հետ, եթե Ադրբեջանի զինված ուժերը կարողանային հաղթանակի հասնել:

«Նման պայմաններում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող կասկածի տակ առնվել, քանի որ խոսքը գնում է ժողովրդի ֆիզիկական գոյության մասին: Հայաստանի Հանրապետությունը՝ որպես 1994թ. հրադադարի եռակողմ համաձայնագրի մաս, կձեռնարկի անհրաժեշտ քայլեր: ԼՂ ժողովուրդն ունի ինքնապաշտպանության իրավունք և Հայաստանը՝ որպես նրա ֆիզիկական անվտանգության երաշխավոր, կսատարի Լեռնային Ղարաբաղին: Հայաստանի նախագահը հրահանգել է ԱԳՆ-ին նախապատրաստել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծ», — շեշտել է ՀՀ ներկայացուցիչը:

Դեսպան Կիրակոսյանը կարևորել է Ադրբեջանին պատասխանատվության կանչելը՝ հրադադարի ռեժիմը խաթարելու ու դրանով իսկ տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը վտանգելու համար:

Դեսպանն անդրադարձել է Թուրքիայի բացասական դերակատարությանը՝ նշելով, որ հայերի հանդեպ իր թշնամական վերաբերմունքով հայտնի այդ երկիրը սատարում է Ադրբեջանին: Թուրքական բարձր մակարդակի պաշտոնյաների սադրիչ հայտարարությունները վերջին ռազմական առճակատման նախօրեին և ընթացքում ու հետևողական աջակցությունն Ադրբեջանի զինված ուժերին իրենցից ներկայացնում են հայ ժողովրդի դեմ նոր հանցանքների բացահայտ խրախուսում:

 

*

*