Կիրո Մանոյան․ Ոչ թե անհատներն, այլ պետությունն է պատասխանատու Դինքի սպանության համար

«Հրանտ Դինք. 10 տարի անց» խորագրով Սփյուռքի նախարարությունը կլոր-սեղան քննարկում էր կազմակերպել:

Մինչեւ 2007 թվականն ու դրանից հետո: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասում է՝ Թուրքիայում խոսքի ազատությունը, փակ թեմաների, հատկապես՝ Հայոց ցեղասպանության հարցի բարձրաձայնումը, բաժանվել է 2 փուլի` մինչեւ Հրանտ Դինքի սպանությունն ու դրանից հետո: Նրա համարձակ ելույթներն ու հրապարակումները, հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես ինքն էր ասում, 1915 մետր խորություն ունեցող ջրհորից դուրս բերելու անհրաժեշտության գիտակցումը, կարեւոր փոփոխություն բերեցին թուրք հասարակության կյանքում:

«Հրանտ Դինքի գործունեությունը Թուրքիայի հասարակական կյանքում ունեցել է այնպիսի մի հետք, որը շատ դժվար կլինի ջնջել թուրքական իշխանությունների համար, իսկ այդ հետքն ասոցացվում է ազատ խոսքի, բազմակարծության, պետական-պաշտոնական թեզերը կասկածի տակ դնելու հետ»,- ասում է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Ռուբեն Մելքոնյանն, այդուհանդերձ լավատես չէ, թե այս միտումը կշարունակվի: Ասում է՝ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, խոսքի ազատությունը սահմանափակվում է բարձրագույն իշխանության անմիջական նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ:

Ոչ թե անհատներ, այլ պետությունն է պատասխանատու Դինքի սպանության համար՝ ասում է Կիրո Մանոյանը՝ 10 տարի շարունակվող դատավարությունը խեղկատակություն որակելով:

«Կարեւոր չէ, թե ով բլթակը ձգեց, ով ծրագրեց, ով որոշեց, որովհետեւ այս բոլորի պատասխանատուն եւ մեղավորը Թուրքիայի պետությունն է: Մենք պետք է այդ ձեւեով հարցը բարձրացնենք եւ հետապնդենք եւ թույլ չտանք, որ Թուրքիայի պետությունն իր այս քայլերով շփոթեցնի նաեւ աշխարհին, որ, իբր, ինքը հարցը հետապնդում է»,- նշում է ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Հրանտ Դինք. 10 տարի անց» խորագրով Սփյուռքի նախարարությունը կլոր-սեղան քննարկում էր կազմակերպել: Հնչեցին զեկույցներ Դինքի հասարակական-քաղաքական գործունեության, Թուրքիայում դրա ազդեցության մասին:

«Սպանելով Դինքին՝ նրանք կարծում էին, որ կսպանեն Դինքի բոլոր մտքերը, սակայն ծնվեցին 1000-ավոր հրանտներ եւ պառլամենտում այսօր Կարո Փայլյանը նրա գործի շարունակողը դարձավ»,- ասում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Հրանտ Դինքի նվերը թուրք հասարակությանը՝ իրականությանն առերեսվելու հնարավորությունն էր: Օգտվողներ եղավ, ու նրանցից շատերը Դինքի սպանությունից հետո դուրս եկան փողոցներ՝ վանկարկելով «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»:

 

Հեղինակ՝

Լուսինե Ղարիբյան

*

*