Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի ղեկավարության և առանձին երկրների պաշտոնակիցների հետ

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է ՀՀ պարտավորությունները
davit-tonoyan-nato

Հունիսի 8-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի ղեկավարության և առանձին երկրների պաշտոնակիցների հետ:

Նախ` ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության օրակարգային հարցերը և զարգացման հեռանկարները:

Ընդգծվել է հայ-հունական ռազմական համագործակցության բարձր մակարդակը: Դավիթ Տոնոյանը և Պանայոտիս Կամենոսը պայմանավորվածություններ են ձեռք բերել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով մի շարք նոր համատեղ նախաձեռնություններ իրականացնելու վերաբերյալ:

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է ՀՀ պարտավորությունները՝ առաքելության Հյուսիսային հրամանատարության շրջանակներում իրականացնելու վերաբերյալ:

Նիստի ավարտին Դավիթ Տոնոյանն առանձին հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմոլլերի հետ:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաև ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Պեդրո Սերանոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարծաշրջանային անվտանգության խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

*

*