2018թ դեկտեմբերի 6-ը հռչակվել է Կանզաս-Հայաստան համագործակցության օր

Դավիթ Տոնոյանն ընդունել է Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը։
tonoyan

Դեկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը` ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրի ուղեկցությամբ:

Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել համագործակցության ներկա մակարդակը, քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Գեներալ-մայոր Լի Թաֆանելին հավաստիացրել է, որ Կանզասի ազգային գվարդիան, որպես նահանգային համագործակցության ծրագրով Հայաստանի գործընկեր, շարունակելու է զարգացնել համագործակցությունը խաղաղապահության, ռազմական բժշկության, անձնակազմի մարտավարական պատրաստության և այլ ավանդական դարձած ուղղություններով, միևնույն ժամանակ դրական արձագանքելով բոլոր նոր նախաձեռնություններին:

Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին է հանձնել Կանզասի նահանգապետ Ջեֆֆրի Կոլյերի կողմից ստորագրված հռչակագիրը, որով 2018թ, դեկտեմբերի 6-ը հռչակվել է Կանզաս-Հայաստան համագործակցության օր:

Կանզասի նահանգապետ Ջեֆֆրի Կոլյերը դեկտեմբերի 7-ին կժամանի Հայաստան և Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակության ուղեկցությամբ կմասնակցի 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումներին:

*

*