Ժողովրդին նման գաղափարներով «սնելը» պարունակում է լուրջ վտանգներ

Տեր-Պետրոսյանի երկնած «պատմաքաղաքագիտական վերլուծությանը» անդրադառնում է ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:
davit ishkhanyan

arfd.am— Տեր-Պետրոսյանը տեւական դադարից հետո նոր տարվա շեմին հաճելի անակնկալ մատուցեց ադրբեջանական հանրությանը, անձամբ նախագահ Ալիեւին՝ եւս մեկ անգամ շրջանառության մեջ դրեց Ղարաբաղյան հարցի «կարգավորման» յուր տեսլականը։

«Հայոց Աշխարհ»ի հարցերին ի պատասխան՝ ՀԱԿ համագումարում Տեր-Պետրոսյանի երկնած «պատմաքաղաքագիտական վերլուծությանը» անդրադառնում է ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԸ։

-Տեր-Պետրոսյանը, ըստ էության, նոր բան չի ասել։ Չեմ ուզում խորանալ այդ ելույթի շեշտադրումների մեջ, մեկնաբանել իր հայտնած մտքերը եւ գնահատականները. Տեր-Պետրոսյանն ուղղակի վերահաստատել է, որ հավատարիմ է իր դավանած մոտեցումներին, գաղափարներին եւ սկզբունքներին։

-2008 թվականից հետո Տեր-Պետրոսյանը բազմիցս հակասել է ինքն իրեն՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, մերթ հրաժարվել է Ղարաբաղը փուլ առ փուլ հանձնելու հեղինակային թեզերից, մերթ վերահաստատել Ղարաբաղի հաշվին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ քիրվայություն անելու հանձնառությունը, երբեմն-երբեմն՝ ներկայացել պապից ավելի կաթոլիկ անզիջում դիրքերից եւ իշխանություններին մեղադրել պարտվողականության, տարածքներ հանձնելու պատրաստակամության մեջ։ Այս պարագայում որքանո՞վ տեղին է խոսել սեփական սկզբունքներին հավատարիմ լինելու մասին։

-Ես դա սկզբունքայնություն չէի համարի՝ նկատի ունենալով 2008-ից հետո իր ունեցած հրապարակային ելույթները եւ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտնած տեսակետները, որոնք որոշակի մեսիջներ էին պարունակում՝ ուղղված հանրության տարբեր շերտերի։

Կարծում եմ, այս դեպքում էլ Տեր-Պետրոսյանի ելույթը ավելի շատ նախընտրական բնույթ ուներ՝ նախընտրական քարոզարշավի ակնհայտ տարրեր է պարունակում եւ այդ համատեքստում էլ պետք է դիտարկվի՝ հաշվի առնելով ամիսներ անց Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները։

Մյուս կողմից՝ տեղյակ լինելով բանակցային գործընթացի ելեւէջներին, տիրապետելով ապրիլյան իրադարձություններից հետո բանակցային գործընթացում ստեղծված փակուղային իրավիճակին, նաեւ մեր դիվանագիտության թույլ կողմերին եւ հայկական երկու պետությունների առջեւ ծառացած մարտահրավերներին, փորձում է արդարացնել 90-ական թթ. երկրորդ կեսին, հատկապես 1997-98թթ. իր որդեգրած քաղաքական գիծը, որ հանգեցրեց իր հրաժարականին։

-Ուղերձները, որ հռչակեց՝ «մի մասը զիջենք մյուս մասը պահելու համար», «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն», կամ որ նույնն է՝ «քիրվայություն, քիրվայություն մինչեւ վերջ», լա՞վ հիմք էին ընտրություններում հաջողելու համար։

-Հաշվարկը թերեւս այն է, որ որեւէ ժողովուրդ չի ձգտում պատերազմի՝ միշտ էլ խաղաղությունը ավելի գերադասելի է, քան պատերազմը։ Սա նկատի ունենալով՝ պարզապես փորձում է խաղալ ժողովրդի զգացմունքների հետ։ Հավանաբար հույս ունի, որ ինչ-որ շրջանակներ կարձագանքեն իր կոչին՝ խորամուխ չլինելով, ո՞րն է այդ «խաղաղության» գինը։

-Տեր-Պետրոսյանի հիմնական թիրախներից մեկը ազգ-բանակ գաղափարն է. նախկին նախագահը սաստիկ անհանգստացած է, որ կառավարությունն իր ծրագրում ամրագրել է այդ դրույթը։
-Նախ ասեմ, որ ինքս ազգ-բանակ գաղափարի կողմնակից եմ դեռեւս 90-ական թվականներից։ Իհարկե, ինքը փորձում է այդ ամենը ներկայացնել որպես քաղաքական պրագմատիզմի դրսեւորում՝ իրատես քաղաքական գործչի սթափ գնահատական ստեղծված իրավիճակին, բայց ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի կողմից հանրությանը պարտադրված այդ վերլուծությունը, դիտարկումները եւ պատմական զուգահեռները պայմանավորված են բացառապես սեփական ուժերի նկատմամբ անվստահությամբ։

Մենք այլընտրանք չունենք, քան որդեգրել ազգ-բանակի գաղափարախոսությունը։ Ավելին՝ տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումների ներքո դատապարտված ենք հաղթահարելու այնպիսի մարտահրավերներ, որոնք մեզանից պահանջում են ուժերի գերլարում։ Դա ինքնին ենթադրում է ոչ ստանդարտ մոտեցումներ եւ մեր ունեցած բոլոր ռեսուրսների, հնարավորությունների կենտրոնացում։
Ուրիշ բան, որ այս կամ այն երկրի օրինակը, Շվեյցարիայի կամ Իսրայելի փորձը չպետք է ուղեցույց դառնա մեզ համար՝ մեր քայլերը պետք է խարսխված լինեն մեր սեփական վերլուծությունների, մեր հնարավորությունների ճիշտ գնահատման եւ լիարժեք օգտագործման վրա։

-Շատերի կարծիքով՝ Տեր-Պետրոսյանի «ռազմաքաղաքական վերլուծության» հիմնական հասցեատերը ոչ թե մենք ենք՝ ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններն ու հասարակությունը, այլ Ռուսաստանի քաղաքական վերնախավը։ Նման միտում տեսնո՞ւմ եք։

-Իհարկե, տեսնում եմ, բայց այդ մեսիջները ուղղված են ոչ միայն Ռուսաստանին, այլեւ աշխարհաքաղաքական մյուս կարեւոր խաղացողներին, ուժային կենտրոններին, որոնք զբաղվում են Ղարաբաղի հարցով, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, համանախագահող երկրների ղեկավարներին։

-Տեր-Պետրոսյանը փորձում է պատրանք ստեղծել, թե ՀՀ իշխանությունները կրակն են ընկել Ղարաբաղի ձեռքը՝ երազում են հողեր հանձնել, բայց չեն համարձակվում խոսել այդ մասին՝ քաղաքական կամք չունեն հանրությանը դիմելու եւ ասելու «դառը ճշմարտությունը», եւ իր աջակցությունն է հայտնում՝ ժողովրդին «խաղաղության», ասել է թե՝ միակողմանի զիջումների նախապատրաստելու հարցում։ Մեր իրականության մեջ նման երեւույթ գոյություն ունի՞։

-Մեր իրականության մեջ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել՝ «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածից մինչեւ 2016թ. ապրիլյան իրադարձություններ։ Ապրիլից հետո մենք հայտնվել ենք այլ կարգավիճակում։

Կարելի է հավերժ բանավիճել՝ «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն», «փուլայի՞ն, թե՞ փաթեթային» սկզբունքների շուրջ։ Ի վերջո, ի՞նչ է փոխվել վաղ միջնադարից մինչեւ մեր օրերը. Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջեւ ընտրությունից մինչեւ «արեւմտամետնե՞ր, թե՞ ռուսամետներ», նույն «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» երկընտրանքն է դրվել սեղանին։ Այսինքն՝ այդ բանավեճը միշտ եղել է թե՛ անցյալում, թե՛ այսօր, կլինի նաեւ ապագայում։

Այստեղ շատ կարեւոր է գոյություն ունեցող իրավիճակի ճիշտ գնահատականը եւ վերլուծությունը։ Կարծում եմ, Տեր-Պետրոսյանի ելույթը, հատկապես լավ վիճակում չգտնվող հայկական պետության իշխող շրջանակներին եւ ժողովրդին նման գաղափարներով «սնելը» պարունակում է լուրջ վտանգներ, եթե չասենք՝ ինչ-որ տեղ նաեւ քայքայիչ միտումներ։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց Աշխարհ» օրաթերթ

*

*