Դավիթ Հարությունյանն անդրադարձել է տնօրենների ձայնագրություններին

Յուրաքանչյուր դեպք պետք է մանրամասն ուսումնասիրվի...
davit-harutyunyan

Ընտրական գործընթացի վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգ պետք է շատ մանրամասն ուսումնասիրվի: Լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով հանրապետության 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների՝ ՀՀԿ-ի օգտին աշխատելու մասին լուրերը:

«Վարչական ռեսուրսի չարաշահումը կամ սխալ օգտագործումը, որն ավելի ճիշտ տերմինաբանություն է և օգտագործվում է թե՛ ԺՀՄԻԳ-ի, թե՛ Վենետիկի հանձնաժողովի կողմից, անթույլատրելի երևույթ է: Օրենսդրորեն դա արգելված է հանրային ծառայողների համար, սակայն էթիկայի կանոնները դա թույլ չեն տալիս անել նաև ոչ հանրային ծառայողներին: Տվյալ դեպքում խոսքն ուսումնական հաստատությունների տնօրենների մասին է, բայց ընդհանուր գնահատական տալ չեմ կարող, քանի որ պետք է մանրամասն ուսումնասիրեմ: Ամենավտանգավորն այն է, որ ստեղծվում է պատրանք լայնածավալ խախտումների, երբ նման դեպքերում պետք է շատ մանրամասն ուսումնասիրություն կատարվի»,- նշեց Հարությունյանը:

Նախարարն անձամբ ուսումնասիրել է հրապարակված ցուցակից մի քանի դեպք, որոնցից մեկում խնդիր է տեսել, իսկ երկուսում որևէ խնդիր չի տեսել: «Մի քանի հատն եմ երեկ հասցրել ուսումնասիրել: Երեկ կայքը շատ ծանրաբեռնված էր և ինչ-որ մի պահից դադարեց արձագանքել: Այն մեկում, որում խնդիր տեսա չի նշանակում, որ կարող եմ պնդել, թե առկա է ընտրական օրենսդրության խախտում կամ էթիկայի խախտում մինչև յուրաքանչյուր մանրամասն չիմանամ»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

Նախարարը վստահեցրեց, որ ինքն անձամբ կուսումնասիրի այդ դեպքերը: Այն հարցին, թե արդյոք հիմքեր տեսնում է այս համատեքստում Հանրապետական կուսակցության գրանցումն անվավեր ճանաչելու համար, Հարությունյանն արձագանքեց. «Բացարձակապես»:

«Ընտրական օրենսդրությունն ականապատ դաշտ կամ կոմպյուտերային խաղ չէ, որ ցանկացած սխալի դեպքում կորցնում ես կյանքդ: Ընտրական օրենսդրությունը միշտ ենթադրում է կիրառել ավելի մեղմ գործիքներ, եթե ավելի կոշտ գործիքների կարիքը չկա: Կիրառողը կառավարությունը չէ, այլ ԿԸՀ-ն: Մենք բավականին մեծ կուսակցությունն ենք, որ յուրաքանչյուրն իմանա բոլոր մանրամասները: Յուրաքանչյուրն ունի իր պատասխանատվության աստիճանը»,- ընդգծեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը մարտի 24-ին հրապարակել է հանրապետության 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ցուցակն ու նրանց հետ խոսակցությունների ձայնագրություններ:

*

*