Դավիթ Հարությունյանն «ուրախ է», որ «թավշյա հեղափոխությունը մի քանի ամսով հետաձգվել է»

Նա դեռևս լավ չի պատկերացնում, թե ինչ է նկատի ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանը։
Davit-harutyunyan

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն արձագանքել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը «թավշյա հեղափոխություն» իրականացնելու մասին:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե պետք է «թավշյա հեղափոխություն» իրականացնեն այն դեպքում, եթե 2018 թ. իշխանության ղեկին շարունակի մնալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ասաց. «Ես պետք է իմ ուրախությունը հայտնեմ, որ տարիներ շարունակ «թավշյա հեղափոխության» մասին խոսողներն անընդհատ ասում էին, որ վաղն են դա իրականացնելու, բայց հիմա մի քանի ամսով հետաձգել են»:

Հարցին, թե «Ժառանգություն» կուսակցության համագումարին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությունը չի՞ բարձրացնում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության կշիռը իշխանությունների համար, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Մեզ համար շատ հետաքրքիր է լսել մեր ընդդիմադիր գործիչներին»:

Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ ինքը դեռևս լավ չի պատկերացնում, թե ինչ է նկատի ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանը, որովհետև չգիտի, թե ինչ են հասկանում «թավշյա հեղափոխություն» ասելով:

Նախարարը հավելեց, որ իրենք ողջունում են ցանկացած ընդդիդմադիր գործչի առողջ քննադատությունը:  «Այդ ամենը նաև իշխանությանը ստիպում է ավելի ճկուն լինել, նոր խնդիրներ տեսնել: Ես ողջունում եմ ցանկացած կառուցողական քննադատություն»,- ընդգծեց Հարությունյանը:

*

*