ՀՅԴ թեկնածու Դավիթ Հակոբյանը կարեւորել է ընտրությունների՝ առանց ճնշումների անցկացումը

Դաշնակցության ավագանու երիտասարդ թեկնածու Լուսինե Քարամյանն էլ ներկայացրել է...
davit-hakobyan-hyd-hayeli (1)

«Դաշնակցության թիմն ի վիճակի է ճիշտ եւ թափանցիկ կառավարել քաղաքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երեւանի ավագանու թեկնածու Դավիթ Հակոբյանը, ով ՀՅԴ-ի նախընտրական ցուցակի 2-րդ համարն է:

Նա հույս է հայտնել, որ ընտրական գործընթացները կլինեն ազատ, արդար, առանց ընտրակաշառքի եւ վարչական լծակների օգտագործման, իսկ օրինախախտները կպատժվեն: Դավիթ Հակոբյանը կարեւորել է ընտրությունների՝ առանց ճնշումների անցկացումը, անկախ նրանից, թե քաղաքացին ում օգտին կքվեարկի:

Ավագանու դաշնակցական թեկածուն նշել է, որ չի կարելի քաղաքացիներին բեւեռացնել, բաժանել սեւերի ու սպիտակների եւ թշնամանք սերմանել, քանի որ ընտրություններից հետո բոլորը շարունակելու են ապրել Երեւանում եւ հանդիպել միմյանց:

ՀՅԴ Երևանի ավագանու նախընտրական ցուցակի 12-րդ համար Լուսինե Քարամյանն էլ ներկայացրել է երիտասարդների խնդիրները: Նա նշել է, որ ծայրամասերում ապրող երիտասարդները չունեն առօրյան եւ ժամանցը կազմակերպելու այնքան հնարավորություններ, ինչքան Կենտրոնում ապրողները: Նրա կարծիքով՝ պակասում է համապատասխան միջավայրը: Առաջիկայում նախատեսում են հիմնել արվեստի եւ կրթական կենտրոններ, որոնք հասանելի կլինեն նաեւ անապահով ընտանիքների զավակներին: Իսկ նախկին հանգստի գոտիները, որոնք ինչ-ինչ պատճառներով այսօր բարվոք վիճակում չեն, կվերադարձվեն հանրությանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն առաջարկում է Երևանում ստեղծել տրանսպորտի միասնական համակարգ:

«Դեռեւս նախորդ իշխանությունների ժամանակ առաջարկել էինք տրանսպորտի միասնական համակարգի ու միասնական տոմսի գաղափարը։ Միակ տարբերակը նորմալ տենդեր հայտարարելն է, որը կբացի կաշառակերության փաստը, հնարավորություն կտա, որ Երևանի քաղաքացին նորմալ երթևեկի: Բայց նաև հազարավոր վարորդներ կան, ովքեր աշխատում են, տուն են պահում։ Պետք է նրանց էլ հաշվի առնել»,- ասաց Հակոբյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ավագանու թեկնածուները մտահոգիչ են համարում այն հանգամանքը, որ նախընտրական շրջանում մրցակից թեկնածուներն իրար նկատմամբ վատ են տրամադրված:

*

*