Դավիթ Բաբայան՝ «Ադրբեջանի պարագայում բարդ է լինելու ակնկալել խնդրի շուտափույթ կարգավորում» — Երկիր Մեդիա

Դավիթ Բաբայան՝ «Ադրբեջանի պարագայում բարդ է լինելու ակնկալել խնդրի շուտափույթ կարգավորում»

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր են, սակայն Ադրբեջանի պարագայում բարդ է լինելու ակնկալել խնդրի շուտափույթ կարգավորում:
davit-babayan

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր են, սակայն Ադրբեջանի պարագայում բարդ է լինելու ակնկալել խնդրի շուտափույթ կարգավորում: Այս մասին «Արմենպրես»­ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ու հնչեցված հայտարարություններին:

«Մենք միշտ ասել ենք, որ հակամարտության կարգավորման գործընթացում սա մի նոր ուղղություն է, որը չգիտես ինչու անտեսված է եղել երկար տարիներ: Խոսքը կոնկրետ փոխվստահության միջոցներին է վերաբերում` մեխանիզմների մշակում, որը թույլ կտա զինադադարի ռեժիմի խախտումները ֆիքսել և պատասխանատվության կանչել այն կողմին, որը մեղավոր է: Դրա կարևորագույն տարրերից է սահմանի երկայնքով տեխնիկական միջոցների տեղադրումը: Լավ կլիներ, որ համանախագահող երկրներն իրենց արբանյակային հնարավորություններն օգտագործեին, որպեսզի վերևից տեսնեին տարբեր զորքերի տեղաբաշխումը: Այդ գործընթացում կադրային, մարդկային խնդիր կա: Մասնավորապես, կարևոր է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը և համալրումը համապատասխան մասնագետներով»,­ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, այն, որ այս խնդրի մասին բարձրաձայնվում է, դա նշանակում է, որ կան լուրջ ծրագրեր դրանք կյանքի կոչելու համար: «Հիմա պետք է սպասել: Իհարկե, Ադրբեջանի պարագայում բարդ է լինելու ակնկալել հարցերի շուտափույթ կարգավորում, քանի որ Ադրբեջանը, ինքը լինելով զինադադարի ռեժիմ խախտող երկիր, ամեն ինչ անելու է, որ խոչընդոտի գործընթացը: Այս պահերին էլ նա այնպիսի քաղաքականություն է վարում, որ զորավարժություններ իրականացնելով, համապատասխան մարմիներին տեղյակ չի պահում, թե ինչ զինտեխնիկա է օգտագործում, ինչ քանակությամբ: Հիմա այսպիսի պետությունը, որը խախտում է միջազգային պայմանագրերը, իհարկե, կխախտի նաև երկկողմ, եռակողմ կամ բազմակողմ պայմանավորվածություները: Հետևաբար, լծվենք համբերությամբ. սա երկարատև գործընթաց է, պետք է նախ քննարկել, այնուհետև փորձել այդ մեխանիզմները ներդնել, ֆիքսել խախտումը, հետո պատասխանատվության կանչել: Բարդ գործընթաց է, բայց առանց դրա հնարավոր չէ: Մեկնարկը տրված է, անհրաժեշտ է այն շարունակել»,­հավելեց Դավիթ Բաբայանը:

*

*