«Եթե շատ լայն ենք ընկալում «ռեյտինգային» հասկացությունը, համամասնականն էլ է ռեյտինգային». Արմեն Ռուստամյան

ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով...

ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի հաջորդ նիստը կկայանա հուլիսի 20-ին, որի ժամանակ, նախնական պայմանավորվածությամբ, կքննարկվի խորհրդարանական ուժերի մոտեցումները միասնական ընտրական նախագծի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանական ուժերի և կուսակցությունների ներկայացուցիչները եկան համաձայնության՝ փոխանակվել իրենց մշակած ընտրական մոդելների վերաբերյալ տեղեկատվությամբ, հավաքվել, քննարկել առկա մոտեցումները և մշակել մեկ միասնական մոդել, որն էլ ներկայացնել կառավարություն ՝ որպես ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի առաջարկին այլընտրանք:

Նիստի ժամանակ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նկատեց, որ կառավարության ծրագրով հստակ ամրագրված է, որ պետք է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, ինչը նիստի մասնակիցների շրջանում բանավեճի առիթ հանդիսացավ:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հետարքրքվեց. «Երբ Դուք ասում եք ռեյտինգային՝  նկատի ունեք ընտրական կարգի տեսական գրականության մեջ առկա բանաձևվածը, թե նկատի ունեք այն, ինչ Դուք եք հասկանում ռեյտինգային ասելով: Երբ մենք ենք ասում ռեյտինգային, դա մի տարատեսակն է: Եթե, ռեյտինգային ասելով, նկատի ունեք ընտրողի կողմից հնարավոր որևէ ձևով նույնիսկ ոչ թե ռեյտինգային, այլ տարածքային ցուցակին ձայն տալը, ուրեմն խոսելու բան չունենք: Ռեյտինգային Դուք լայնացնում եք, այն ավելի նեղ է»:

Նրան ի պատասխան Դանիել Իոսաննիսյանն ասաց. «Անձամբ իմ մեկնաբանելը էական չէ, դա գրված է կառավարության ծրագրում, եթե դուք համարում եք, որ որևէ կոնկրետ մոդել ռեյտինգային չէ, առաջարկեք, քննարկենք»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատեց. «Եթե շատ լայն ենք ընկալում «ռեյտինգային» հասկացությունը, համամասնականն էլ է ռեյտինգային: Որովհետև, եթե ռեյտինգավորվում են կուսակցությունները, ուրեմն դա էլ չպետք է լինի: Եկեք բառախաղ չանենք: Եթե մենք թույլ ենք տալիս ընտրողին միջամտել մանդատների բաշխման գործին, դա ենթադրում է կոմպրոմիսի հասնելու հնարավորություն: Եթե դուք ասում եք, որ դա թույլատրելի չէ, պետք է ընդունենք «Փակ ցուցակի» մոդելը որպես վերջնական լուծում»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ավելացրեց Արմեն Ռուստամյանի ասածին, որ այդ դեպքում իրենց կարտահայտեն իրենց դիրքորոշումը կառավարության կողմից առաջադրվի մոդելի վերաբերյալ:

Արդյունքում խորհրդարանականները որոշեցին որպես կառավարության տարբերակին այլընտրանք ձևավորել միասնական նախագիծ, ևս մեկ նիստ գումարել և հասկանալ կառավարության դիրքորոշումը:

«Բոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ հնարավորինս ընդունելի մոդել: Աշխատենք, պատրաստենք առաջարկ, ներկայացնենք կառավարության աշխատանքային խմբին, միասին համատեղ նիստ գումարենք՝ քննարկելու, որքանով է դա ընդունելի»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

 

*

*