«Դաշնակցություն»-ը ԼՂՀ ներկայացված Սահմանադրության նախագծին դեմ քվեարկեց

ԳԻՏԱԿՑԵԼՈՎ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ...
hyd

20 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հունվարի 17-ին կայացած ԼՂՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում ընդունվել է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը հանրաքվեի դնելու մասին օրենքը:

Նախագծին կողմ են քվեարկել ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները: Նախագծին դեմ են քվեարկել «Դաշնակցություն» եւ «Վերածնունդ» խմբակցությունները: «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը հայտարարել է, որ չի կարող կողմ քվեարկել, եւ ձեռնպահ է քվեարկել:

Ավելի վաղ, Հունվարի 17-ին կայացած ԼՂՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում նախքան քվեարկությունը Աժ բոլոր խմբակցությունները ներակայցրին Արցախի նոր Սահմաանադրության նախագծի վերաբերյալ իրենց տեսակետները:

Ստորեւ ամբողջությամբ ներկայացնում ենք «Դաշնակցություն» խմբակցության տեսակետը Արցախի նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ.

Հարգելի գործընկերներ,

ՀՅԴ-ն նորանկախ մեր զույգ հանրապետություններում պարբերաբար հանդես է եկել նախաձեռնություններով կառավարման համակարգը կիսանախագահական կամ նախագահական համակարգից խորհրդարանականի վերածելու: ՀՀ-ում դա հաջողվեց 2015 թվականին, որը խթան հանդիսացավ Արցախի Հանրապետությունում ևս նմանատիպ գործընթաց սկսելու:

ՀՅԴ Արցախի կառույցը 2016 թ. փետրվարին ԼՂՀ-ում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողներից մեկն էր: ԼՂՀ նախագահի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից 2016 թ. օգոստոսին հրապարակվեց նոր Սահմանադրության նախ հայեցակարգը, իսկ նոյեմբերին՝ նաև նախագիծը:

Անցած մեկ տարվա ընթացքում բազմաթիվ քննարկումների ու խորհրդակցությունների արդյունքում ի հայտ եկավ քաղաքական դաշտի կարևոր դերակատարների մոտեցումներն ու սկզբունքները նախ հայեցակարգի, ապա բուն սահմանադրության նախագծի վերաբերյալ:

Սահմանադրության թե՛ հայեցակարգի և թե՛ նախագծի վերաբերյալ ՀՅԴ-ն հրապարակավ ներկայացրել է իր տեսակետները՝ հույս ունենալով ներազդելու ընթացող գործընթացներին:

ՀՅԴ համոզմամբ, կառավարման համակարգի փոփոխությունները պետք է գործեն ի նպաստ իրավական, ժողովրդավարական, ինքնիշխան պետության նոր փուլի կայացման, և ընկալելի ու ընդունելի լինեն ԼՂՀ միջազգային ճանաչման գործին աջակցող ուժերի և միջազգային կառույցների համար: Նկատենք նաև, որ մեկ միասնական հայրենիք ունենալու հայության տեսլականը իրագործելու նպատակով այսօր կարիք ունենք ստեղծելու իրավական, քաղաքական, տնտեսական նույնօրինակ դաշտ: Դա հայության ուժերը մեկտեղելու նոր հեռանկարներ է ուրվագծում:

Սահմանադրության նախագիծը, որ ներկայացված է քննարկման, չի համապատասխանում այդ հրամայականներին: Մեզ անհրաժեշտ է երկիրն օժտել կառավարման այնպիսի համակարգով, որը համապատասխան լինի մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների դիմակայմանը և քաղաքակիրթ աշխարհին ինտերգրմանը:

Այդպիսի համակարգը ՀՅԴ պատկերացմամբ, համամասնական ընտրություններով կառավարման խորհրդարանական համակարգն է: Սահմանադրության նախագծով առաջարկվում է գերկենտրոնացված նախագահական համակարգ:

Քննարկման ենթակա Սահմանադրության նախագծով նախատեսվող կառավարման համակարգը, որևէ երկրում գործող կառավարման համակարգի հետ աղերսներ չունի, որն ավելի է խորացնում թերահավատությունը տվյալ փաստաթղթի նկատմամբ:

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը անկախ իր դիրքորոշումից և ունեցած վերաբերմունքից մասնակցել է Սահմանադրական բարեփոխումների բոլոր հանգրվաններին, մասնագիտական հանձնաժողովին ներկայացնելով իր առաջարկների գրավոր փաթեթը: Հանձնաժողովի կողմից ընդունվել են որոշակի առաջարկներ, սակայն առանցքային քաղաքական նշանակության առաջարկություններն այդպես էլ մնացին թղթի վրա:

ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցին այդպես էլ չհաջողվեց սեփական համոզմումքներն ու ընկալումները դարձնել ինչպես մասնագիտական հանձնաժողովի, այնպես էլ քաղաքական գործընկեր կուսակցությունների դիրքորոշում:

Ընկալելով ստեղծված իրավիճակը և գիտակցելով երկրի ապագայի հանդեպ մեր պատասխանատվությունը «Դաշնակցություն» խմբակցությունը ներկայացված Սահմանադրության նախագծին քվեարկելու է դեմ:

*

*