Ցուցարարները Բաղրամյան չեն գնա․ Հանրապետության հրապարակում հանրահավաք կանցկացվի

«Երթով շարժվելու ենք ու շրջափակենք տարբեր շինություններ»

14։04․ Հավաքի մասնակիցներն իջեցնում են պետեկամուտների կոմիտեի, գլխավոր դատախազության մոտ կայանած ծառայողական մեքենաների անվադողերը: Նիկոլ Փաշինյանը կոչ է անում շրջափակել գերատեսչություններն ու նստացույց անել, չթողնել մուտք ու ելք անել: Ապրիլի 17-ի 13:40-ի դրությամբ՝ Նիկոլ Փաշինյանը մի խումբ մարդկանց հետ նստած էր Կենտրոնական բանկի մուտքի դիմաց:

13։32․ Ցուցարարները պտույտ կատարելով Խորենացի փողոցով վերադարձան Կառավարության 2-րդ՝ նոր մասնաշենք, որտեղ տեղակայված են մի շարք նախարարություններ՝ այդ թվում՝ ԱԳՆ նախարարությունը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր երեկոյան 18։30-ին հանրահավաք կանցկացնեն Հանրապետության հրապարակում։

13։ 10․ Ցուցարարները հասան Պետեկամուտների կոմիտեի շենքի մոտ ու շրջափակեցին այն։ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց կամավորների՝ կանգնել դռների առաջ, իսկ մյուսներին շարունակել երթը։

12։45․ Ցուցարարները շրջափակեցին դատախազության շենքը, այնուհետեւ մի քանի մարդ մնացին շենքի մուտքը հսկելու, իսկ մյուս ցուցարարները շարունակեցին երթը։

«Քայլ արա» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ չեն շարժվի դեպի Բաղրամյան, քանի որ այնտեղ ոստիկանական մեծ ուժեր են կուտակված։

«Երթով կշարժվենք և քայլեր կանենք կառավարության բոլոր շենքերի գործողությունը պարալիզացնելու ուղղությամբ: Այնտեղ, որտեղ կհաջողվի ներս մտնել, ներս կմտնենք ու նստացույց կանենք, իսկ որտեղ չի հաջողվի, մուտքի մոտ նստացույց կանենք: Ոչ մեկին չենք թողնի ներս մտնել, իսկ դուրս կթողնենք գան նրանք, ովքեր կմիանան մեզ: Պետք է արգելափակել բոլոր դռները»,-ասաց Փաշինյանը:

Նա չնշեց, թե որ շենքից կսկսեն իրենց քայլը.«Երթով գնանք՝ որ շենքը հարմար կլինի, դրանից էլ կսկսենք»:

 

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*