Նալբանդյան․ «Ադրբեջանը փորձում է դեմքի լավ արտահայտություն ցույց տալ վատ խաղի ժամանակ»

Էդվարդ Նալբանդյանն ու Իգոր Ցրնդակը փաստաթուղթ են ստորագրել․․․
nalbandyan-crndak

Բոսնիա եւ Հերցեգովինայի արտգործնախարարը հանդիպել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ: Կողմերը ստորագրել են առաջին իրավապայմանագրային փաստաթուղթը, ըստ որի՝ դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք առանց վիզայի կարող են այցելել միմյանց երկրներ: Իգոր Ցրնադակն ու Էդվարդ Նալբանդյանը համատեղ ասուլիսի ժամանակ հույս են հայտնել, որ ապագայում իրենք հնարավորություն կունենան առանց վիզայի ռեժիմ սահմանել 2 երկրների բոլոր քաղաքացիների համար:

Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Նախարարի խոսքով, եթե Ադրբեջանն ընդունում է համանախագահների առաջարկները եւ պատրաստ է գնալ խաղաղ կարգավորման, ապա պետք է հաստատի եւ գործնականում ապացուցի, որ կողմ է այն սկզբունքներին, որոնք առաջարկել են եռանախագահող երկրները, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշման իրավունք: Հայաստանը համամիտ է եռանախագահող երկրների հետ, իսկ ահա Ադրբեջանը, Նալբանդյանի խոսքով, մերժում է այդ սկզբունքները:

«Ադրբեջանը փորձում է դեմքի լավ արտահայտություն ցույց տալ վատ խաղի ժամանակ, ինչը, սակայն, նրան չի հաջողվում»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը:

«Ադրբեջանը շարունակում է թոզ փչել միջազգային հանրության աչքերին, թե պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների: Ի՞նչ է նշանակում սուբստանտիվ՝ բովանդակային, առարկայական: Ի՞նչ է, վերջին 10 տարվա ընթացքում հանդիպումները եղել են առանց բովանդակությա՞ն կամ ոչ առարկայակա՞ն: Ըստ Ադրբեջանի՝ այդպես է ստացվում»,- ասել է Նալբանդյանը:

«Բոսնիա եւ Հերցեգովինան ցանկանում է տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծումը: Մենք այս հարցում սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք աշխատում են հակամարտության կարգավորման ուղղությամբ եւ կարծում ենք, որ բոլորը պետք է աջակցեն նրանց»,- նշել է Ցրնադակը:

nalbandyan-crndak-storagrel

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*