Չավուշօղլուն հաստատեց․ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում Անկարան նախապայմաններ է առաջադրում

Թուրքական կողմն ի սկզբանե արձանագրությունները ստորագրել է որոշակի պայմաններով:
chavushoghlu

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի, քանի դեռ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները չեն կատարվի: Այս դիրքորոշումը ևս մեկ անգամ հաստատում էր իրավացիությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ դեկտեմբերի 16-ի հայտարարության, որում մասնավորապես նշվում էր.

«Արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Անկարան հետ կանգնեց պայմանավորվածություններից՝ ոչ միայն մերժեց վավերացնել դրանք, այլև վերադարձավ նախապայմանների լեզվին, որը նա օգտագործում էր մինչև գործընթացի մեկնարկը: Անկարան չի խորշում ևս մեկ անգամ կրկնել իր նախապայմանները, կապելով հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ Ադրբեջանի օգտին լուծման հետ…»:

Դեկտեմբերի 20-ին կրկին Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում նախապայմաններ է դնում Հայաստանի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն ասել է, թե թուրքական կողմն ի սկզբանե արձանագրությունները ստորագրել է որոշակի պայմաններով: Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ քանի դեռ իրենց պայմանները չեն կատարվում, այդ պայմանավորվածությունների կատարումն անհնար է:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները