«Ձեր բոլոր խնդիրները գիտենք». Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ

Մարդիկ, ըստ նրա, առաջին հերթին աշխատանք են ուզում:
carukyan

ԲՀԿ նախագահ, Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումների 4-րդ ուղղությունը Գեղարքունիքի մարզն է եղել: Վարդենիս քաղաքում հավաքված Ծառուկյան դաշինքի բազմաթիվ համակիրները ԲՀԿ նախագահին դիմավորել են մեծ ոգևորությամբ: Ամբիոնին մոտենալու ընթացքում ևս Գագիկ Ծառուկյանը լսել է հավաքված քաղաքացիների խնդիրները և հայտարարել՝ ժողովրդի հույսը, հավատը և վստահությունը պահպանելու է մինչև վերջ:

«Չկա այնպիսի խնդիր, որը լուծում չունենա»,- վարդենիսցիներին ուղղված խոսքում ասել է Ծառուկյան դաշինքի առաջնորդը:

Մարդիկ, ըստ նրա, առաջին հերթին աշխատանք են ուզում: Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է Ծառուկյան դաշինքի նախընտրական ծրագրի 15 առաջնահերթ քայլերը, ասել, որ դրանց՝ շատ արագ կյանքի կոչելուց հետո լինելու են հեռահար ներդրումային ծրագրեր: Սակայն այդ ամենի համար պետք է օրենք փոխելու իրավասություն ունենալ: Առաջիկա ընտրությունն, ըստ Ծառուկյանի, ժողովուրդի համար լավ հնարավորություն է՝ կայացնելու կարևոր որոշում: Պետք է վստահել ոչ թե ճարտար լեզվով ընտրությունից ընտրություն ժողովրդի հետ հանդիպող քաղաքական գործիչներին, այլ այն անձին, որը գործով է ապացուցել իր նվիրվածությունը հայրենիքին:

Ելույթից հետո վերստին անմիջականորեն վարդենիսցիների հետ շփվելուց, նրանց խնդիրները մեկ առ մեկ լսելուց և հասցեագրված նամակները վերցնելուց հետո, Ծառուկյան դաշինքի առաջնորդն ուղևորվել է Մարտունի քաղաք:

Գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, բանկի տոկոսներից հուսահատված ժողովուրդ… մենք ձեր բոլոր խնդիրները գիտենք, մարտունեցիներին վստահեցրել է Գագիկ Ծառուկյանը: Հանդիպմանը ներկաներից ոմանք հենց տեղից Ծառուկյանից հետաքրքվել են՝ ինչ անել, երբ իրենց փորձում են ուղղորդել ընտրությանը օրը կոնկրետ քաղաքական ուժի օգտին քվեարկելու համար: Մարտունիից հետո Գեղարքունիքի մարզի ճանապարհների տարբեր գյուղերի մուտքերի մոտ բազմաթիվ մարդիկ փակել են Գագիկ Ծառուկյանի ճանապարհը և իրենց աջակցությունը հայտնել ԲՀԿ նախագահին:

Երանոս գյուղի բնակիչների հետ զրույցում Ծառուկյան դաշինքի ղեկավարը հայտարարել է՝ քիչ ասում է, շատ անելու է: Գավառի հրապարակում հավաքված համակիրների հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ երկրի, ժողովրդի առջև ծառացած խնդիրներին և դրանց լուծման եղանակներին քաջատեղյակ է իր անձնական, ամենօրյա շփումների շնորհիվ:

«Ծառուկյան դաշինքի 15 առաջնահերթ քայլերն ուղղված են երկրի տնտեսության բոլոր ոլորտները առողջացնելուն», — հայտարարել է ԲՀԿ նախագահը:

Գավառում նա առանձնահատուկ կանգ է առել 15 կետերից 13-րդի՝ առողջապահության վերաբերյալ Ծառուկյան դաշինքի առաջարկած լուծման վրա: Ընդգծելով, որ մշտապես, անգամ քաղաքականությունից դուրս եղած տարիներին, ժողովրդի կողքին է եղել՝ Ծառուկյան դաշինքի առաջնորդն ասել է,որ միայն բարեգործաությամբ երկիրը չի զարգանա: Պետական բյուջեի նկատմամբ պետք է դրսևորել սրտացավություն և հետևողականություն: Լավ աշխատողները պետք է խրախուսվեն, թերացողները փոփոխվեն, մեղավորները պատժվեն: Գեղարքունիքի մարզի՝ Ծառուկյան դաշինքի բազմաթիվ համակիրները Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումների գնացել են վճռական:

Նախընտրական ծրագրված հանդիպումներն ավարտելուց հետո, վերադարձի ճանապարհին, Գագիկ Ծառուկյանը չնախատեսված կանգառ է արել Լճափ գյուղի մի քանի բնակիչների հետ: Գյուղի տարեց բնակիչները Ծառուկյանին հայտնել են իրենց աջակցությունը և նրա հետ անկեղծ հարց ու պատասխան ունեցել:

*

*