Ծառուկյանը՝ կրկին ԲՀԿ նախագահ. «Հարվարդ չեմ ավարտել, իմ փորձությունը կյանքի փորձություն է…»

Կուսակցության համաժողովն այսօր կայացավ լեփ-լեցուն դահլիճում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համաժողովն այսօր կայացավ լեփ-լեցուն դահլիճում: Օրակարգում մեկ հարց էր՝ կուսակցության ղեկավարի ընտրություն: Ինչպեսեւ ենթադրվում էր, միակ թեկնածուն գագիկ Ծառուկյանն էր: Նա դահլիճ մտավ բուռն ծափողջույնների ներքո:

Համագումարի գլխավոր համակարգողը մինչեւ վերջերս Վերահսկիչ պալատը նախագահող Իշխան Զաքարյանն էր: Նա նշեց, որ ձգտում են կարեւոր փոփոխությունների, բայց ԲՀԿ-ն ատելություն չի քարոզելու: Նաեւ պարզաբանեց՝ ինչո՞ւ թողեց պաշտոնն ու միացավ Բարգավաճին:

«Իմ որոշման հիմքում գագիկ Ծառուկյանի որոշումն էր: Ես պետք է իմ 20 տարվա ընկերոջ կողքին լիեի: Որպես պետական գործիչ ես պետք է պետքական լինեմ ընդհանուր գործին»,- ասաց նա:

Սուր քննադատություններ չկային նաեւ կուսակցությունը մինչ այս պահը ղեկավարող Նաիրա Զոհրաբյանի ելույթում, թեեւ նշեց մի շարք խնդիր: Առավելապես, որ իր համար անցած երկու տարիները ծանր են եղել առանց Ծառուկյանի: Հիմա բեռը Զոհրաբյանն իր ուսերից թոթափում է:

Միաձայն՝ առանց վերապահումների, Ծառուկյանը կրկին ընտրվեց կուսակցության նախագահ: Խոստովանեց, իր փափուկ կյանքը թողնում է, ուսերին բեռ վերցնում:

«Ծառուկյան Գագիկը, եթե քայլ է կատարում, ո´չ պաշտոնի համար է, ո´չ ունեցվածքի, Աստծո կամքով է: Ես Հարվարդ չեմ ավարտել, իմ փորձությունը կյանքի փորձություն է… Չլուծվող խնդիր չկա: Ցանկացած պրոբլեմ իր լուծումն ունի, պետք է նայենք պրոբլեմները, լուծումը և մեր պետության հնարավորությունները: Մտածում ենք, նավթ չունենք, գազ չունենք, բայց ունենք մոլիբդեն…

Երկու տարի հետո ժողովրդի ձեռքը տուն չի մնալու, փող չի մնալու, այդ բոլորը բանկերին է մնալու, ժողովուրդը սնանկ է դառնալու: Այս հարցերին պետք է լուծում տալ:

Ես պաշտոնի համար չեմ գալիս, գումարի համար չեմ գալիս, բոլորդ էլ գիտեք, ես ամեն ինչ ունեմ: Պետք է մեր հնարավորույթյունների չափով օգտակար լինենք: Մեր ազգի մեջ նախանձ կա, եթե նախանձ չլինի, ամեն ինչ կլինի: Ես եկել եմ իմ խաչը տանելու: Միշտ ասել եմ իմ հարցազրույցներում, որ աշխարհի մակարդակում տասը լավագույնից երկուսը հայ են, մենք այդ տաղանդը, ջիղն ունենք: Բոլորը պետք է վստահ լինեն, որ կարող ենք հաղթել», -հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Նաեւ պատմեց, ինչու 2015-ին ինչու չգնաց ծայրահեղ քայլերի. «Ծառուկյան Գագիկը չէր կարող իր ժողովրդին տանել արյունահեղության»:

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*