«Ծառուկյան» դաշինքին աջակցելու համար ՀՀ-ում է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունը

Նրանց միացել են նաև աջ կենտրոնամետ քաղաքական գործիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից:
carukyan

 

Ապրիլի 2-ին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանի ընտրությանը «Ծառուկյան» դաշինքին աջակցություն հայտնելու և հաղթանակ մաղթելու նպատակով Հայաստան է ժամանել Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունը՝ նախագահ Յան Զահրադիլի և Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկու գլխավորությամբ: Նրանց միացել են նաև աջ կենտրոնամետ քաղաքական գործիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Համատեղ կոնֆերանսի ընթացքում առաջին խոսքը «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանինն է:

««Ծառուկյան» դաշինքի գերխնդիրը մեկն է` երկրում ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի աշխատող և բարիք ստեղծող մարդը չմտածի հայրենիքը լքելու մասին»,-ասում է ԲՀԿ առաջնորդը՝ ընդգծելով, որ իր համար երկրի ամենուժեղ զենքը արժանապատիվ կյանքով ապրող քաղաքացին է:

Գագիկ Ծառուկյանից հետո ելույթ ունեցավ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլը: Նա նշեց, որ իրենց ընտանիքի համար մեծ պատիվ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նման անդամ ունենալը:

«Շատ հպարտ ենք, որ այսպիսի ներկայացուցիչ ունենք Հայաստանում: Հարգելի պարոն Ծառուկյան, մենք այստեղ ենք ձեզ օգնելու, որպեսզի Դուք հաղթեք, մենք այստեղ ենք մեր օժանադակությունն ու բարեկամությունը ձեզ հայտնելու համար, այստեղ ենք, որպեսզի ցույց տանք, որ մենք միասնական քաղաքական ընտանիք ենք»,- ասաց Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլը:

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկու խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանում անկյունաքարային երկիր է և առաջիկա ընտրություններն այդ առումով կարևոր նշանակություն ունեն:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության լորդերի պալատի անդամ Մարտին Կալանանը, ով 5 տարի առաջ է Հայաստանում եղել, խոստովանում է՝ խնդիրների մեծ մասը, որոնք այն ժամանակ կային, այսօր էլ խնդիր են մնացել: Դա, ըստ նրա, նշանակում է, որ նոր քաղաքական առաջնորդության կարիք կա:

 

*

*