Կանադայի խորհրդարանական պատվիրակությունն Արցախում է

Նրանք հանդիպումներ կունենան Արցախի քաղաքական ղեկավարության հետ, այնուհետ հանդես կգան մամլո ասուլիսով։
kanadaci-patgamavor
Այսօր երեկոյան Արցախ է ժամանել Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը՝ «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ: Կանադայի խորհրդարանի պատգամավորներ Թոնի Կլիմենտիին եւ Ռիչարդ Հարթիին ուղեկցում է Դաշնակցության Կանադայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Սեւակ Բելյանը։ Նրանք հանդիպումներ կունենան Արցախի քաղաքական ղեկավարության հետ, այնուհետեւ հանդես կգան մամլո ասուլիսով։
Մինչ Ստեփանակերտ մեկնելը նրանք հանդիպել են Հայաստանի արտգործնախարարի հետ: Զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է կանադացի խորհրդարանականների պարբերական այցելությունները եւ նրանց ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` կանադացի խորհրդարանականները պատմել են «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեության մասին եւ ներկայացրել են Հայաստան եւ Արցախ իրենց փաստահավաք առաքելության նպատակը, որն է՝ ուսումնասիրել 2016 թվականին Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիայի ընթացքում կատարված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներն ու ռազմական հանցագործությունները եւ զեկույց պատրաստել դրանց մասին:
Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող համատեղ ջանքերը: Խոսվել է նաեւ ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացրած ռազմական հանցագործությունների մասին:

*

*