«Շարքային քաղաքացին ժամանակի ընթացքում կզգա ՀՀ-ԵՄ համաձայնագրի արդյունքները»

ՀՀ քաղաքացիներն առանց խոչընդոտի կուղևորվեն...
serj-sargsyan-bryuse

Շարքային քաղաքացին ժամանակի ընթացքում կզգա ՀՀ-ԵՄ համաձայնագրի արդյունքները, որովհետև Հայաստանն ի վիճակի է արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ բարեփոխումները: Բրյուսելում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հարցին, թե շարքային հայաստանցին ի՞նչ է ստանալու այս համաձայնագրից՝ նախագահն ասել է. «Վաղը չէ մյուս օրը, երևի թե՝ ոչինչ, անմիջապես իր վրա չի զգա, բայց ժամանակի ընթացքում կզգա, որովհետև մենք բարեփոխումները ի վիճակի ենք արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ։ Ինքներս հեծանիվ հնարելու ունակությունը չունենք և ոչ էլ ցանկությունը, կան բացարձակ ճշմարտություններ, և այդ ճշմարտություններով մենք պետք է ղեկավարվենք։ Բայց ընթացքում բացի ներքին ազատություններից, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու առանց խոչընդոտի ուղևորվել դեպի Բրյուսել, դեպի Փարիզ, դեպի եվրոպական այլ երկրներ, և կարծում եմ, որ ԵԺԿ-ի այսօրվա հայտարարության մեջ այդ հստակ ձևակերպումը կար, տեսնենք, թե վաղվա գագաթաժողովի ժամանակ ինչպիսին կլինի»:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք  այս համաձայնագիրը կնպաստի նաև Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, սա անվտանգության ապահովման այլընտրանքայի՞ն մի ուղղություն է, Սերժ Սագսյանն ասել է, որ այստեղ այլընտրանքային բառը ճիշտ չէ:  «Բայց՝ իհարկե, նաև հատկապես այն դեպքում, երբ որ մեր անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերների պարագայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և հատկապես Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համակարծիք են, և սա այն եզակի տեղերից է, որտեղ նրանք ամբողջովին համագործակցում են, ինչպես նրանք են հայտարարում։ Սա, իհարկե, մեզ համար ձեռքբերում է»,- ընդգծել է նախագահը։

 

*

*