Բորդյուժա. «ԼՂ-ում խաղաղությունն ամենակարեւորն է, հակառակ դեպքում Կովկասում մեծ պատերազմ կսկսվի»

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ ԼՂ տարածքում իրավիճակը մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ-ի համար...
nikolay-bordyuja-lxh

Հայաստանը ԼՂ հակամարտության սրման ընթացքում օգնության խնդրանքով չի դիմել ՀԱՊԿ-ին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Ոչ մի խնդրանք չի եղել»,- հայտնել է Բորդյուժան:

Ըստ «ՌԻԱ Նովոստիի», նա նշել է, որ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ շփման ժամանակ իրեն հասկացրել են, որ «Հայաստանը, մեծ հաշվով, չի կիրառել իր ունեցած պոտենցիալի մեծ մասը», այդ իսկ պատճառով ոչ մի խնդրանք չի եղել:

Միաժամանակ Բորդյուժան դրական է պատասխանել լրագրողի հարցին, թե արդյո՞ք փաստը, որ ԼՂ-ն, միջազգային իրավունքի համաձայն, Հայաստանի մաս չէ, նշանակում է, որ ՀԱՊԿ-ը կարող է օգնության հասնել միայն այն դեպքում, եթե վտանգ է սպառնում Հայաստանի` միջազգայնորեն ճանաչված սահմաններին:

«Այո, դուք ճիշտ եք հասկանում»,- հայտնել է նա:

Միաժամանակ` Բորդյուժան նշել է, որ ԼՂ-ում իրավիճակը մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ-ի համար՝ տարածաշրջանում անվտանգության պահպանման համար:

«Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, կգա մի շրջան, երբ մենք կհետեւենք ակտիվ եւ ուղիղ ռազմական հակամարտություն, դա «կպայթեցնի» ամբողջ Կովկասը: Այդ ժամանակ հակամարտության մեջ կներգրավվեն բազմաթիվ պետություններ: Դա շատ լուրջ է, ես կարծում եմ, որ այսօր այնտեղ խաղաղության ապահովումն ամենակարեւորն է, հակառակ դեպքում Կովկասում մեծ պատերազմ կսկսվի: Ես դա չէի ցանկանա»,- հայտնել է Բորդյուժան:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները