ԲՀԿ-ն այս պահին Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու հիմք չի տեսնում

«Խնդիրը Ազգային ժողովից տեղափոխվելու է Սահմանադրական դատարանի դաշտ, թող իրենք որոշեն»

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այս պահին Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու հիմք չի տեսնում:

Այս մասին սեպտեմբերի 17-ին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը:

«Հայաստանի Հանրապետության ՍԴ մասին Սահմանադրական օրենքի համաձայն սպառիչ թվարկած են այն հիմքերը, որոնք բավարար են, որպեսզի ՍԴ-ն որոշում կայացնի իր անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: «Իմ քայլը» խմբակցությունը պարտավոր է պատգամավորների ձայների ընդհանուր թվի 3/5-ով ներկայացնել այդ նախաձեռնությունը, թե ինչպիսի որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, մենք իրավունք չունենք կանխակալ կարծիք հայտնել։ Մենք այն քաղաքական ուժը չենք, որ մեխանիկորեն միանանք որևէ նախաձեռնության, առանց դրա հիմքերն ուսումնասիրելու ու վերլուծելու: Այս պահին մենք այդպիսի հիմք չենք տեսնում»,- ասաց Պետրոսյանը:

Պատգամավորը նշեց, որ այս պահին Սահմանադրական դատարանում չկա անկառավարելի իրավիճակ, և մարմինը գործում է:

«Այլ է խնդիրը, որ առանձին անձինք չեն ներկայանում նիստերին, որոշումների ընդունմանը չեն մասնակցում, բայց այլ կերպ են իրենց գոյության մասին հիշեցնել տալիս: Խնդիրը Ազգային ժողովից տեղափոխվելու է Սահմանադրական դատարանի դաշտ, թող իրենք որոշեն»,- նշեց նա:

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել:

*

*