Աշոտ Ղուլյանը ժամանակին է համարում Բելգիայի պատգամավորների հետ շփումներին կազմակերպչական ձեւաչափ տալը

Վան Հուֆն իր խոսքում նշել է, որ ԼՂ-ի պարագայում խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր գործիք է միջազգային հարթակներում լսելի դառնալու համար:
belgia-lxh

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների մի խումբ պատգամավորների:  Պատվիրակության այցն Արցախ կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ:

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով բելգիացի խորհրդարանականներին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Բելգիայի տարբեր մակարդակի խորհրդարանները ներկայացնող պատգամավորների հետ շփումները վերջին տարում մեծապես ակտիվացել են եւ արդեն ժամանակն է հանդիպումներին կազմակերպչական ձեւաչափ տալ:

Բելգիական խորհրդարանականների պատվիրակության ղեկավար Էլս Վան Հուֆն իր խոսքում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի պարագայում խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր գործիք է միջազգային հարթակներում լսելի դառնալու համար:

Այնուհետեւ հյուրերի խնդրանքով Աշոտ Ղուլյանը տեղեկություններ է ներկայացրել Ազգային ժողովի կառուցվածքի, միջխորհրդարանական կապերի, բարեկամության խմբերի գործունեության, Արցախի քաղաքական դաշտի ու հետապրիլյան իրավիճակի վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:

 

*

*