Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը․ՊՆ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2019թ. ծրագրի համաձայն` սեպտեմբերի 21-ին մեկնարկել է Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի և ԲՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությանը, հայ-բելառուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափով անցկացվող օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին հայ և բելառուս զինվորականների համատեղ մասնակցությանն առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև երկու պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների միջև համագործակցության ու առաջիկա աշխատանքային ուղղությունների վերաբերյալ:

*

*