Բելառուսի պաշտպանության նախարարի այցը իմպուլս կհաղորդի մեր հարաբերություններին.Սեյրան Օհանյան

Մեր տարածաշրջանում, կարելի է ասել՝ իրավիճակը շատ բարդ է, և նման այցերը հատուկ նշանակություն ունեն համատեղ ծրագրված միջոցառումների շարքն իրականացնելու համար:
ohanyan-belaru

Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները Երևանում քննարկել են ռազմական համագործակցության հետ կապված հարցեր: ՀՀ ՊՆ վարչական համալիրում Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Դուք գիտեք, որ օգոստոսի 16-ին մենք հանդիպել ենք նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, որն անցել է Հայաստանի համանախագահության ներքո: Այսօր մենք պաշտպանության նախարարությունում ընդլայնված կազմով դեմ առ դեմ զրույց ենք ունեցել: Մենք փոխանակել ենք մտքեր՝ տարածաշրջանային և միջազգային իրավիճակի վերաբերյալ: Հատկապես  ուշադրություն ենք դարձրել մեր տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին: Մեր տարածաշրջանում, կարելի է ասել՝ իրավիճակը շատ բարդ է, և նման այցերը հատուկ նշանակություն ունեն համատեղ ծրագրված միջոցառումների շարքն իրականացնելու համար»,-  նշեց Օհանյանը:

Նախարարները քննարկել են նաեւ 2016թ. համար նախատեսված ծրագրերի իրականացման հարցերը:

«2016թ. մեզ համար շատ լարված է՝ լի տարբեր միջոցառումներով: Կարծում եմ, որ համատեղ մարտական օպերատիվ պատրաստվածությունը, փորձի փոխանակումը, համագործակցությունը տարբեր ուղղություններով, բոլոր հարցերի վերաբերյալ փոխհասկացվածությունը հանգեցնում են նրան, որ մեր համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է և դինամիկ զարգանում է: Միանշանակ, Բելառուսի պաշտպանության նախարարի այցը իմպուլս կհաղորդի մեր հարաբերություններին»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը:

*

*