Բանակը՝ նախընտրական ծրագրերում

Մեր ունեցած լավագույնը՝ բանակին. հակիրճ՝ այսպես կարելի է ձեւակերպել այն, ինչ գրված է կուսակցությունների նախընտրական ծրագրերում...

 

Մեր ունեցած լավագույնը՝ բանակին. հակիրճ՝ այսպես կարելի է ձեւակերպել այն, ինչ գրված է կուսակցությունների նախընտրական ծրագրերում բանակի մասին: Բայց կան որոշակի տարբերություններ: Ուժերից մեկը, օրինակ, գրել է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա իրեն կցված զենք՝ անհրաժեշտության դեպքում պաշտպանվելու համար: Մեկ ուրիշը ծրագրում է արմատախիլ անել կոռուպցիան բանակում, մյուսը ուզում է բարելավել զինվորի հագուստի ու սննդի որակը:

Թերթելով կուսակցությունների նախընտրական ծրագրերը՝ տեսնում ենք, որ ապրիլյան պատերազմը եւս անդրադարձել է բանակին վերաբերող հատվածների մշակման վրա: 18 տարեկանների՝ առաջնագծում կանգնելու, պրոֆեսիոնալ բանակ ունենալու խնդիրները արծարծված են բոլոր կուսակցությունների ծրագրերում՝ տարբեր ձեւակերպումներով:

«Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված երիտասարդ զինվորի կողքին պետք է կանգնած լինի պրոֆեսիոնալ զինվորականը»,-գրված է Դաշնակցության նախընտրական ծրագրում: Հանուն հայրենիքի կյանքը վտանգած երիտասարդ զինվորին բնակարանով ու աշխատանքով ապահովելու համար կուսակցությունը նախատեսում է ստեղծել հնարավորություններ: ՀՅԴ-ն խրախուսում է պրոֆեսիոնալ կամավոր զինվորական շրջանակի ընդլայնումը:

«Ազատ դեմոկրատները» ու «Հայկական վերածնունդը» նախատեսում են աստիճանական անցում պրոֆեսիոնալ բանակի: «Վերածնունդը» նաեւ հավելում է՝ «վարձատրվող բանակի», ու սահմանում վարձի չափը.

«Եթե այսօր մենք սահմանը պահողին ամիսը 800-1000 դոլար աշխատավարձ տանք, դա տարեկան կազմում է 100 մլն դոլար»: «Հայկական վերածնունդի» ծրագրում գրված է, թե այսօր մեր երկրի բյուջեում այդքան գումար կա:

«ՕՐՕ» դաշինքը պայմանագրային զինծառայողների համար ավելի բարձր աշխատավարձ է նախատեսում՝ 240.000 դրամ, սպայական եւ ենթասպայական կազմերի համար՝ 480.000 դրամ: Նրանց հաշվարկով՝ այս փոփոխությունները բյուջեի վրա կնստեն 50 միլիարդ դրամ: «ՕՐՕ»-ում մտածում են, որ այս քայլով 18 տարեկան նորակոչիկներին հետ կպահեն առաջին գծում ծառայելուց:

Պրոֆեսիոնալ բանակ ունենալու կողմնակից է նաեւ «Ծառուկյան» դաշինքը, թեպետ դաշինքի 15 ծրագրային առաջնահերթություններում բանակին վերաբերող հատված չկա:

«Ելք» դաշինքում նույնպես համոզված են, որ առաջնագծում մարտական հերթապահություն պետք է իրականացնեն միայն պայմանագրային զինծառայողները: Ծրագրում են ստեղծել քաղաքացիական ռեզերվային բանակ, որի յուրաքանչյուր քաղաքացի կիմանա՝ որ պահին ինչպես մոբիլիզացվել: Քաղաքացին կունենա իրեն կցված զենք՝ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու համար:

«Ազատ դեմոկրատները» ծրագրում է հայկական զինված ուժերը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին, կարեւորում է զինված ուժերում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտումը, ապրիլյան պատերազմի օրերին բացահայտված բացթողումների թափանցիկ հետաքննությունը:

«Բանակը պետք է դառնա արդարության չափանիշ մեր հասարակության համար»,-գրված է «Հանրապետականի» ծրագրում: Ծրագրում գրված է նաեւ, որ կոռուպցիան պետք է արմատախիլ անել զինված ուժերից, գրված է, որ բանակը կարող է դառնալ տնտեսության շարժիչ ուժը: ՀՀԿ-ն վստահեցնում է, որ մեր ունեցած ռեսուրսները լիովին բավարար են զինված ուժերի առջեւ դրված խնդիրները լուծելու համար: «Մենք շատ լավ գիտենք ինչպես պատասխանել մեր անվտանգության նկատմամբ ոտնձգություններին»,-վստահեցնում է իշխող ուժը: Որպեսզի ոտնձգությունները չլինեն՝ Կոնգրես-ՀԱԿ դաշինքը առաջարկում է հաշտություն, որը կապահովի Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը: Բանակին ծրագիրն անդրադառնում է այս անվտանգության համատեքստում. գրված է, որ հաշտությամբ ձեռք բերված անվտանգությունը վերջ կդնի ռազմաճակատի գոտում զինվորների եւ խաղաղ բնակչության կորուստներին, թույլ կտա դադարեցնել սպառազինությունների մրցավազքը, շեշտակիորեն կնվազեցնի ՀՆԱ-ի 4-5 %-ի հասնող ռազմական ծախսերի բեռը:

 

*

*