Բալասանյան. «Սեֆիլյանն այսօրվա հանդիպմանն ասել է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չունի» — Երկիր Մեդիա

Բալասանյան. «Սեֆիլյանն այսօրվա հանդիպմանն ասել է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չունի»

Վստահ եմ, որ իշխանություններն էլ որոշ հարցերում ընդառաջ կգնան...
vitali-balasanyan

Երեւանում ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր մի խումբ լրագրողների թույլատրվեց անցնել ոստիկանական պատնեշը եւ այսպես կոչված՝ չեզոք գոտում ստեղծված մամուլի կետի մոտ զրուցել ինչպես զինված խմբի անդամների, այնցես էլ նրանց հետ արդեն երկու օր բանակցությունների վարող Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հետ։

«Այսօրվա ամենամեծ ձեռքբերումն այն է, որ հասել ենք խաղաղության։ Համոզված եմ, որ զինված խումբն էլ, իշխանություններն էլ կպահպանեն խաղաղություն եւ հանդարտություն»,- ասաց նա։

Բալասանյանը ասաց, որ բանակցությունները շարունակվում են, զինված խումբն իր պահանջներն ունի, իշխանությունն՝ իր, եւ ինքը վստահ է, որ երկու կողմերն էլ միմյանց ընդառաջ կնեն։

«Վստահ եմ, որ ամեն ինչ խաղաղ կանցնի»,- ասաց Բալասանյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ այս երկու օրերի ընթացքում տեսակցել է նաեւ կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ, հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հիմնադիր խորպրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանն ու ՀՀ նախագահի ներկայացուցիչը, քննարկել ենք զենքերը վայր դնելու հարցը։ Ըստ Բալասանյանի, Սեֆիլյանը դրական է արձագանքել դրան՝ առաջ քաշելով մի քանի հարց, որոնք պատկան մարմինները կքննարկեն։

Բալասանյանի խոսքով, Սեֆիլյանն այսօրվա հանդիպմանն ասել է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չունի, առաջնային պահանջը «քաղբանդարկյալների եւ այս օրերին բերման ենթարկվածների ու ձերբակալվածների ազատ արձակումն է»։ Զինված խմբի կողմից էլ ներկայացվում է Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու եւ կալանքից ազատ արձակելու հարցը։

Բալասանյանը նաեւ նշեց, որ զինված խմբի հետ եւ ոստիկանության հետ պայմանավորվածության արդյունքում հստակ կարող է ասել, որ կողմերը գործողությունների չեն դիմի։ «Այդ դեպքում որքա՞ն պիտի շարունակվի այս ամենը, քանի որ խումբը զենքերը վայր դնելու պատրաստակամություն առայժմ չի հայտնում» հարցին Բալասանյանը նշեց, սա երկար շարունակվել չի կարող՝ այսօր կամ վաղը պետք է զենքերը վայր դնեն։ ՀՀ նախագահն իր ներկայությամբ է հրաման տվել, որ ուժ չկիրառվիմինչեւ խաղաղ հարցերը չլուծվեն։ Նրանք, ովքեր կօգտագործեն զենք, կկրեն պատիժ։

«Ասում ենք, այստեղ 50-60 մարդ կա զենքով։ Եթե անգամ ընդունենք, որ նրանց պահանջով իշխանությունը պիտի փոխվի, երեք ամիս հետո մի այլ խումբ՝ հարյուր հոգով կզինվի եւ կպահանջի նրանց հեռանալը։ Ուստի զենքով հարց լուծել երկրում չի կարելի»,- ասաց Բալասանյանը։

Լրագրողների հարցին ի պատասխան, Արցախի հերոսը նաեւ նշեց, որ զենքերը վայր դնելուց հետո խմբի բոլոր անդամներին ձերբակալելու են, եւ այդ մասին բնականաբար, գիտեն նաեւ իրենք։ Քրեական գործ է հարուցվելու, մարդ է մահացել, հանցանք է կատարվել, պետք է ճշտվի, ո՞վ է այն կատարել։

«Մյուսների մասով անելու ենք ամեն բան, որ տույժերը լինեն նվազագույնը։ Նախագահն էլ այստեղ իր լիազորությունների շրջանակը ունի»,- նշեց Բալասանյանը։

Միաժամանակ, նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն էլ պետք է սթափվեն, «ինչ եղել է, արդեն եղել է եւ բոլորը հասկացել են, թե ինչ վիճակ է»։

*

*