Բակո Սահակյան. «Վերադարձ անցյալին չի լինելու, այդ թվում և հողերի հետ կապված»

Արցախի նախագահ Բակո Սահակյանն անդրադարձել է վերջերս ավելի ակտիվ դարձած քննարկումներին` կապված հողերը հանձնելու հետ:

Առանց Արցախի Հանրապետության մասնակցության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն անհնարին է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, այս մասին արցախյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմին, դրա հետևանքններին ու հայկական կողմի հետագա անելիքներին:

«Չկա մի հավանական զարգացում, որ խնդիրը լուծում կստանա առանց մեր մասնակցության: Այդպիսի բան չի լինելու: Իհարկե, ունենալով հիմնախնդրի լուծման հետ կապված հստակ մոտեցում` միաժամանակ մենք հայտարարել և հայտարարում ենք, որ մեզ համար ավելի նախընտրելի է խանգարված ձևաչափով բանակցությունները, քան պատերազմական գործողություններ: Սակայն դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր դիրքորոշումից, սկզբունքից, որ հիմնախնդրի լուծման հետ կապված մեր տեսակետը փոփոխության է ենթարկվել: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր փորձելու ենք ազդել հավանական բանակցային գործընթաց սկսելու դեպքում, որ Արցախը լինի այդ բանակցային գործընթացի լիարժեք կողմ: Այս պահի դրությամբ մենք չենք տեսնում այդպիսի հնարավորություն, քանի որ այն, ինչ թույլ է տվել Ադրբեջանը, որևէ կերպ չի խոսում այն մասին, որ մոտ ապագայում վերադառնալու ենք բանակցային սեղանի շուրջ: Այնուամենայնիվ, միջազգային հանրությունը հնարավորություն է ունեցել այս երկար տարիների ընթացքում համոզվելու, որ հայկական կողմը ցանկանում է, որ այս հիմնախնդիրը լուծում ստանա բանակցային գործիքների օգնությամբ»,­- նշել է Բակո Սահակյանը:

Արցախի նախագահն անդրադարձել է վերջերս ավելի ակտիվ դարձած քննարկումներին` կապված հողերը հանձնելու հետ` նշելով, թե դրանք բացարձակապես անհիմն են:

«Ես տեղյակ եմ այդ քննարկումների ու մեկնաբանությունների մասին և կցանականայի, որ մենք դադարեցնենք այդ անհիմն քննարկումները: Դրանք չեն նպաստում մեր առաջադրանքի կատարմանը: Անհրաժեշտություն կա կտրուկ դադարեցնել այդ գնահատականները, քանի որ դրանք չեն նպաստում մեր աշխատանքին: Այս տարիներին մեր կողմից բազմիցս հայտարարվել է, որ վերադարձ անցյալին չի լինելու, այդ թվում և հողերի հետ կապված: Մենք նաև հնարավորություն ենք ունեցել մեր տեսակետը ներկայացնելու քաղաքացիներին` նշելով, որ ներկայիս վիճակի, հողերի հետ կապված լիազորությունները վերապահված են միայն ու միայն ժողովրդին: Անհրաժեշտ է դադարեցնել հակասություններ փնտրել Հայաստանի և Արցախի տեսակետների միջև, որովհետ նման բան չի կարող լինել: Մենք գործ ունենք համազգային նշանակության խնդրի հետ, և մենք չենք կարող ունենալ հակասություններ: Մենք իրականացնում ենք հետևողական աշխատանք և դեռևս այս պահի դրությամբ չենք ստացել Ադրբեջանի կողմից առաջին և հիմնական պատասխանը` ընդունո՞ւմ են նրանք մեր անկախությունը, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա այն, ինչ քննարկվում և խոսվում է, դրանք առ ոչինչ են: Ցանկանում եմ, որ այս իրողությունից և ճշմարտությունից կառուցված լինի թե՛ մեր ռազմավարությունը, թե՛ մեր քաղաքականությունը»,-­ ընդգծել է Արցախի նախագահը:

Անդրադառնալով ապրիլի սկզբին ադրբեջանական կողմի սանձազերծած գործողությունների հետևանքներին` Բակո Սահակյանը նշել է, որ առավել ցավալի են մեր զինվորների կորուստները, որոնք անդառնալի են:

«Նրանք մեր երեխաներն են, մեր հարազատներն են: Գիտակցված այդ զոհաբերությունն արժևորելու լավագույն միջոցը մեր երկրի շենացումն է, անվտանգության ապահովումը»,­- ասել է նա:

Նախագահը հայտնել է, որ շարունակվում է համագործակցությունը ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, կուսակցական և համայնքային կազմակերպությունների հետ: Նա հատկապես կարևորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունն Արցախ, որի ընթացքում ընդունվել են շատ որոշումներ:

«Պայմանավորվածությունների մի մասն արդեն իրագործվում է: Քանի որ ՀՀ նախագահը քաջ տիրապետում է ռազմաճակատի տարբեր հատվածներին, քանի որ մենք ազատագրել ենք մեր հայրենիքը, երբ նա ղեկավարում էր մեր ռազմական գերատեսչությունը, օգտագործել ենք նրա փորձն անհրաժեշտ շտկումներն իրականացնելու և հաջորդ մեր գործողությունները նախանշելու համար»,-­ հայտնել է Բակո Սահակյանը` տեղեկացնելով, որ առաջիկայում հանդիպելու է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր­Պետրոսյանի հետ:

*

*