Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր
bako-sahakyan-armen-sargsyan

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել նախօրեին Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպումից հետո նախագահներն իրենց տիկնանց հետ միասին զբոսնել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, այնուհետեւ այցելել են Շուշի:

Շուշիի կերպարվեստի թանգարանում լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Սարգսյանը նշել է, որ Բակո Սահակյանի հետ քննարկել են հարցերի լայն շրջանակ: «Խոսեցինք Արցախի ներքաղաքական կյանքի, սահմանին տիրող իրավիճակի, ինչպես նաև գործնական բազմաթիվ խնդիրների մասին: Անդրադարձանք նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջիկա գործունեությանը: Որևէ մեկը չի կարող թերագնահատել այդ կառույցի տարիների աշխատանքը: Ակնկալում ենք, որ հիմնադրամը կշարունակի ոչ միայն լավ գործել, այլև կապահովի նոր որակ: Որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ես կանեմ հնարավորը, որ կարճ ժամանակում նոր գործադիր տնօրենի գլխավորությամբ կառույցը մշակի ծրագիր, որի շնորհիվ հիմնադրամի աշխատանքները հասցվեն ավելի բարձր մակարդակի, ինչն էլ կնպաստի մի քանի ամիսների խափանված գործունեությունը վերականգնելուն»,- ասել է ՀՀ նախագահը:

*

*