«Մեզ մոտ չկան քաղաքական ճգնաժամի դրսևորումներ». Բակո Սահակյան

«Մենք չպետք է թույլ տանք շահարկումներ, որոնք ենթադրում են քանդել եղածը, այլ ոչ թե պահպանել ու ավելացնել կառուցածը»
bako2

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախում վերջին շրջանում տեղի ունեցած բողոքի ակցիային և դրան հաջորդած իրադարձություններին:

Արցախի և Հայաստանի հանրային հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Արցախի նախագահը հիշեցրել է, որ Արցախում  բողոքի ակցիայի հենց առաջին իսկ պահից ինքն  անմիջապես արձագանքել է մասնակիցների պահանջներին: «Մի շարք հանդիպումներ եմ ունեցել ակցիայի կազմակերպիչների հետ, որոնց ժամանակ անկեղծ եւ բաց մթնոլորտում քննարկվել են նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերը: Դուք գիտեք, որ տեղի ունեցած ցավալի միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, եւ ներկա դրությամբ ընթանում է հետաքննություն: Ես ընդգծել եմ, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։ Այսպիսինն էին բուն միջադեպը եւ դրա լուծմանն ուղղված քայլերը»,- ասել է նա:

Արցախի նախագահը հավելել է, որ  հետագայում ունեցել են այլ զարգացումներ. տեղի են ունեցել ցույցեր եւ առաջ քաշվել  այլ պահանջներ: «Եվ այստեղ էլ կան բոլորիս, առաջին հերթին իշխանությունների համար հետեւություններ անելու շատ ու շատ հարցեր: Մենք միշտ պատրաստ ենք եղել եւ այսօր էլ պատրաստ ենք լուծում տալ վեր հանված խնդիրներին, որոնք արդարացի դժգոհությունների պատճառ են հանդիսացել»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

Նա ցավով նկատել է, որ նաեւ ականատես են  եղել մի խումբ անձանց կողմից մարդկանց արդարացի պահանջների քաղաքականացմանն ու շահարկումներին: «Մի կողմ թողնելով այս ամենի բարոյական կողմը՝ ուզում եմ նշել, որ մեր պարագայում դա իսկապես հղի է անկանխատեսելի հետեւանքներով:  Մեր ժողովուրդը քաջ գիտակցում է, որ միայն ամուր, կուռ, համախմբված ու միասնական հասարակությունը կարող է լուծել այնպիսի բարդ ու կարեւորագույն խնդիրները, որոնք ծառացած են մեր առջեւ՝ լինի դա ներքին, թե արտաքին ասպարեզներում:  Անթույլատրելի եմ համարում ցանկացած քայլ, որը սպառնալիք է հանդիսանում մեր համախմբվածության, կայունության ու անվտանգության համար: Համոզված եմ, որ մեր ժողովուրդը հենց այդպես էլ մտածում է, ինչի համար ես շատ ու շատ շնորհակալ եմ ձեզ, իմ սիրելի հայրենակիցներ, Արցախի Հանրապետության քաղաքացիներ»,- նշել է Սահակյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի ստեղծված ներքաղաքական իրավիճակը` քաղաքական ճգնաժա՞մ, անկայունությո՞ւն, Բակո Սահակյանը պատասխանել է. «Դուք շատ ճիշտ հարց հնչեցրիք, որովհետեւ շատ կարեւոր է իմանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում: Եվ ես ուղիղ կպատասխանեմ այդ հարցին մեր ժողովրդի համար:  Տարբեր մարդիկ տարբեր նպատակներով տեղի ունեցածին տալիս են իրենց գնահատականները՝ այդ թվում նաեւ ձեր կողմից հնչեցված որակումներով: Բայց իմ խորին համոզմամբ՝ մեզ մոտ չկան այնպիսի դրսեւորումներ, որոնք կբնութագրեն իրավիճակը որպես քաղաքական ճգնաժամ, ոնց ներկայացնում են ոմանք:  Փաստերը հետեւյալն են. մեզ մոտ տեղի է ունեցել ցավալի միջադեպ, ինչին հաջորդել են բողոքի ակցիաներ, բայց այն շրջանակներում, որոնք հեռու են նման որակումներից: Եվ որ զարգացումները եղել են միայն ու միայն այդպիսին, դա արդյունք է առաջին հերթին մեր ժողովրդի խոհեմության ու բարձր գիտակցության: Համոզված եմ, որ կայուն ու հանդարտ վիճակ մեր երկրում կպահպանվի այսուհետ եւս:

Սակայն դա չի նշանակում, թե մենք չենք տեսնում այն խնդիրները, որոնք առկա են: Դրանց լուծումը կլինի մեր այսօրվա եւ հետագա աշխատանքների օրակարգում, մենք հետեւողականորեն անդրադառնալու ենք այդ հարցերին:  Բայց այս խնդիրների լուծման հիմքում պետք է լինի կառուցողական մոտեցում: Մենք չպետք է թույլ տանք շահարկումներ, որոնք ենթադրում են քանդել եղածը, այլ ոչ թե պահպանել ու ավելացնել կառուցածը: Ասածիս վառ ապացույցն է, որ հենց նման կառուցողական ճանապարհով են գնում շատ ու շատ պետություններ, եւ առաջին հերթին՝ առաջադեմ ու քաղաքակիրթ երկրները, որոնք ընտրել են կայուն, անցնցում եւ շարունակական զարգացման ուղին»,- ասել է Սահակյանը:

 

*

*