ԱԺԿ-ն Արցախի նախագահի պաշտոնի համար առաջադրել է Բակո Սահակյանի թեկնածությունը

Արցախում հուլիսի 19-29-ը Ազգային ժողովն ընտրելու է հանրապետության նախագահին։
ajk-hamagumar5-arcax

Ստեփանակերտում այսօր՝ հուլիսի 1-ին, տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) հերթական՝ 5-րդ համագումարը, որը լիազորել է Արցախի ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցությանը հուլիսին խորհրդարանի կողմից նախագահի ընտրություններում առաջադրելու Բակո Սահակյանի թեկնածությունը:

Տեղեկացնենք, որ Արցախում հուլիսի 19-29-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ազգային ժողովն ընտրելու է հանրապետության նախագահին: Մինչեւ 2020 թվականը՝ անցումային շրջանի համար նախագահին կընտրի Ազգային ժողովը: 2020թ.-ից հետո արդեն կլինեն համաժողովրդական ընտրություններ։

Արցախի Հանրապետությունը սահմանադրական փոփոխություններով կիսանախագահական կառավարման համակարգից անցում է կատարվել նախագահական համակարգի։

Սահմանադրության անցումային դրույթներով Արցախի գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 40 օր առաջ, ինչպես նաև մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 30, ոչ ուշ, քան 40 օր հետո ԱԺ խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:

Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը:

Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

*

*