ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:
«Չնայած որ առաջնագծում վիճակը բավականին լարված է, բայց կարելի է համարել այդ իրավիճակը կայուն և վերահսկելի: Համենայնդեպս, Հայաստանի զինված ուժերը և Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակը: Եվ մենք նաև Արցախի նախագահի հետ ու զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկեցինք Ղարաբաղի հարցի շուրջ ընթացիկ վիճակը, մեր դիրքորոշումներն այդ կապակցությամբ, ինչպես նաև ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումներ տեղի ունեցան»,- ֆեսբուքյան տեսաուղերձում նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` քննարկման ժամանակ արձանագրվել է, որ սահմանագծում հայկական կողմի զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտ պատասխան են տալիս ադրբեջանական զինված ուժերի սադրանքներին. «Բայց սա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում, այլ մենք պատրաստ ենք բանակցությունների, ինչը բազմիցս նշվել է»: