Չեմ կիսում իր տեսակետն ու հարցը էս տեսանկյունից ներկայացնելու մոտեցումը. Բաբկեն Թունյան

ԱԺ պատգամավորը հակադարձել է Արսեն Թորոսյանին՝ անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային
babken-tunyan

«Իմ քայլը» խմբակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով հակադարձել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Վերջինս երեկ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա»-ին, որը հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա:

«Շատ կարճ ասեմ. Արսեն Թորոսյանին շատ հարգելով հանդերձ՝ չեմ կիսում իր տեսակետն ու հարցը էս տեսանկյունից ներկայացնելու մոտեցումը։ Այո, կինը պիտի պաշտպանված լինի ու բռնության չենթարկվի, ու ունենա նույն իրավունքները, ինչ տղամարդը։

Բայց կին դարձած կամ կին ներկայացող տղամարդը չպիտի իրավունք ունենա, ասենք, երեխա որդեգրել ու մայր կոչվել։ Երկու տղամարդը չեն կարող ընտանիք կազմել ու երեխա դաստիարակել՝ մամա-պապա խաղալ։ Էդ իմ սկզբունքային դիրքորոշումն է, ինչքան էլ ոմանց դա հետամնաց կամ կարծրատիպային թվա։ Խնդիրը էս վերջին հարթության մեջ է, ոչ թե կանանց իրավունքների։

Չնայած կանանց մասով էլ՝ չեմ կարծում, որ կնոջը ծեծող երրորդմասցի Գոքորը կոնվենցիայի ընդունումից հետո կնոջը չի ծեծելու։ Հա, կոնվենցիան կարդացել եմ, ու չնայած իրավաբան չեմ՝ բայց հասցրել եմ ահագին մասնագիտական կարծիքներ լսել»,- գրել է Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ ոչ մի մեկնաբանության ու հարցի չի պատասխանելու, հարցին կանդրադառնա այն ժամանակ, երբ այն մտնի ԱԺ տիրույթ:

*

*