ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող նախագիծը

Առաջարկում է Սևան լճից տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավել ջրառի հնարավորությունը բացառել:
sevan-vors

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը: Դրանով առաջարկում է Սևան լճից տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավել ջրառի հնարավորությունը բացառել:

«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հոկտեմբերի 24-ի նիստում ստացավ 73 կողմ, 8 դեմ, 37 ձեռնպահ ձայներ:

Ներկայում համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքով սահմանված է լճից 170 մլն խոր. մետր առավելագույն ջրառ: Սակայն 2012-ին Սևանա լճի մասին օրենքում փոփոխությունից հետո ամեն տարի գրեթե կառավարությունը դիմել է ԱԺ-ին՝ ավել ջրառ իրականացնելու առաջարկով, և օրենքով նախատեսվել է ավել ջրառ, մինչև 350 մլն խոր. մետր ջուր է վերցվել: Պատգամավորն առաջարկում է, որ 170 մլն խոր. մետրը լինի վերին սահման, դրանից ավել ջրառ նաև կառավարության կողմից ջրառ կատարելու առաջարկ չներկայացվի ԱԺ-ին: Կարապետյանը շեշտել էր՝ Սևանա լիճը չեն կարող դիտարկել միայն որպես ջրի պաշար:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկությունից առաջ հայտնեց, որ իրենք նախագծին քվեարկելու են ազատ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց՝ քանի որ արդեն հայտնել են իրենց մտահոգություններն առ այն, որ նախագիծը կարող է կրել զուտ սիմվոլիկ բնույթ, իրենք ձեռնպահ կքվեարկեն, եթե հետո իրենց մտահոգությունները փարատվեն, կքննարկեն կողմ քվեարկելու հարցը:

*

*