Ազգային ժողովի պատգամավորները խորհրդարանում չեն գիշերել։ Այս մասին «Երկիրն այսօր»-ի լրագրողին տեղեկացրին մի շարք պատգամավորներ ԱԺ-ում։
Այս պահին ԱԺ-ում են ՀՀԿ եւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների մեծ մասը։ «Ծառուկյան» դաշինքի խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սովորականի պես, առանց որեւէ խոչընդոտի հասել է ԱԺ, միակ տարբերությունն այն է եղել, որ «ճանապարհին չի վերցրել Վահե Էնֆիաջյանին»։
Տեղում են նաեւ ՀՅԴ խմբակցության անդամները։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ճանապարհի կեսը եկել է մեքենայով, մյուս կեսը՝ ոտքով։ Նա ցուցարարներին չի հանդիպել, ճանապարհը փակ է եղել ոստիկանների կողմից։
ԱԺ-ում են նաեւ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոնդ Մարուքյանն ու Արամ Սարգսյանը, նրանք հրաժարվեցին որեւէ հարցի պատասխանել։
Հիշեցնենք, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երեկ վարչապետի պաշտոնում առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Այսօր տեղի կունենա քվեարկությունը։
Պատրաստեց՝
Իզաբելլա Հովհաննիսյանը