«Սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը»

Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ դիտարկմանը, թե նախագծի նպատակը աշխատողներին վերահսկողության տակ պահելն է․․․

ՀՀ ազգային ժողովը չընդունեց Արհեստակցական միությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու մասին որոշումը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից ներկայացված նախագծին կողմ քվեարկեց 36, դեմ` 53,  ձեռնպահ` 3 պատգամավոր:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ դիտարկմանը, թե նախագծի նպատակը աշխատողներին վերահսկողության տակ պահելն է` ժխտելով այդ տեսակետը:

Նրան վրդովվեցրել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հայտարարությունները: «Հանձնաժողովի նիստին գալ ուշացումով, չլսել իմ զեկույցը, որեւէ բառ չասել նախագծի վերաբերյալ, բայց դրսում հարցազրույց տալ ու ասել, որ այս նախագծի իմաստը աշխատողներին տոտալ վերահսկողության ներքո պահելն է… Ես ուսումնասիրել եմ պարոն Մկրտչյանի կենսագրությունը, ինքը 26 տարեկան է, իսկ ես 23 տարի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դասավանդում եմ, 23 տարի զբաղվել եմ աշխատողների իրավունքների դատական պաշտպանությամբ, ու այդ ոնց եղավ, որ աշխատողների շահերը տոտալ վերահսկողության ներքո դնելու նախագիծ հեղինակեցի: Մենք այստեղ անընդհատ խոսում ենք սիրո, հանդուրժողականության մթնոլորտի մասին: Սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը՝ չմասնակցել նիստին, հետո ապատեղեկատվություն տարածել, թե ԲՀԿ-ի ներկայացրած նախագիծը ուղղված է աշխատռողների շահերի դեմ: Եթե կա ասելիք, ես ձեզ, պարոն Մկրտչյան, հրապարակային հրավիրում եմ բանավեճի, դուք ասում եք՝ ես իմ ասելիքն ասել եմ, չեմ գալիս բանավեճի»:

 

*

*