Ա. Ռուստամյան. «Ազգ-բանակ» հայեցակարգի գործադրումն ապահովելու է մեր լինելիությունը

Անհրաժեշտ է մշակել և ամբողջացնել «ազգ-բանակ» գաղափարի հայեցակարգը
rustamyan-1

Ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը՝ Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ:

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի՝ որպես մեկ միասնական հայության ամբողջացումը՝ ի խնդիր հայության ճակատագրում բոլոր հայերի մասնակցության ապահովման, եղել և մնում է համահայկական նշանակություն ունեցող թիվ մեկ առաջնահերթությունը: Համայն հայության այդպիսի ամբողջացում հնարավոր է առաջացնել՝ ունենալով համազգային տարողություն ունեցող խնդիրների միասնական օրակարգ, ընդհանրական կամքի ձևավորման և արտահայտման հստակ ձևաչափ և դրանք կյանքի կոչելու գործելադաշտ ու գործիքակազմ:

Այս հիմնախնդրի լուծմամբ է պայմանավորված մեր ազգային ինքնության պահպանումը, անկախ պետականության ամրապնդումը և սերունդների ապագան:

Հայության կազմակերպված միասնականությունն է այն անսպառ ուժի աղբյուրը, որն ապահովելու է մեր լինելիությունը և թույլ է տալու դիմագրավել բոլոր տեսակի մարտահրավերներին և պաշտպանել մեր իրավունքները:

«Ազգ-բանակ» նախաձեռնությունը հենց այն գաղափարն է, որը բխում է մեր ազգի լինելիության ապահովման կենսական անհրաժեշտությունից և կոչված է երաշխավորել նրա մշտական պաշտպանությունը:

Այդպիսի առաքելությունն ինքնին «ազգ-բանակ» նախաձեռնությանը հաղորդում է համահայկական բնույթ և օժտում նրան հայության բոլոր հատվածները զորաշարժի ենթարկելու դերակատարությամբ: Նկատի ունենալով բանակաշինության և պաշտպանության խնդիրների հետ կապված ժամանակակից պահանջներն ու դրանց համալիր բնույթը՝ այդպիսի համընդհանուր զորաշարժը իր հերթին ենթադրում է ոչ միայն մարդուժի, այլև ֆինանսկան, տնտեսական, քաղաքական և այլ միջոցների մեկտեղում և նպատակաուղղված օգտագործում:

Հետևաբար,   «ազգ-բանակ» հայեցակարգի գործադրումը ոչ միայն հիմքն է Հայաստան-Արցախ միասնական պաշտպանական համակարգի, այլև կոչված է երաշխավորելու մեր երկրի ընդհանուր զարգացումն ու առաջընթացը՝ չզիջելով մեր համազգային շահերն ու նպատակները:

Ներկա փուլում «ազգ-բանակ» գաղափարին միս ու արյուն տալու համար անհրաժեշտ է մշակել և ամբողջացնել այդ գաղափարի հայեցակարգը, որից կբխի գործողությունների համալիր ծրագիրը:

Ելույթին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

*

*