«Ազատության» թղթակիցը եւ Araratnews.am-ի աշխատակիցները հարձակման են ենթարկվել Կոնդում

Նա նկատել է, որ ընտրողները, նախքան տեղամաս գնալը, մտնում են ՀՀԿ-ի թեկնածուի շտաբ:

Կոնդում այսօր հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը եւ Araratnews.am-ի լրագրողը եւ օպերատորը:

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ լրագրողները նկատել են, որ ընտրողները, նախքան տեղամաս գնալը, մտնում են Հանրապետականի պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբ: Դուրս գալուց նրանցից մի քանիսի ձեռքին մեր թղթակիցը գումար է նկատել, որից հետո նույնպես մտել է շտաբ:

Տեղում գտնվող անձինք, նկատելով լրագրողին, պարզաբանել են, թե ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ աշխատավարձ: Այդ ժամանակ շտաբում գտնվող մի խումբ անձինք, այդ թվում՝ երիտասարդներ, հարձակվել են լրագրողի վրա, խլել հեռախոսը, սկսվել է քաշքշուկ և մեր թղթակիցը աչքի հատվածում թեթև վնասվածք է ստացել: Araratnews.am-ի լրագրողի ձեռքից խլել են նաեւ տեսանկարահանող սարքը, քաշել մազերից:

Ոստիկանությունն արձագանքել է միջադեպի մասին հաղորդմանը:

«Ըստ համացանցում շրջանառված տեղեկատվության՝ այսօր Կոնդում հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը: Նշվածի առնչությամբ, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Կոնդ թաղամասում՝ Ռուսթավելի 15 հասցեի բնակիչները հարձակվել են լրագրողների վրա:

Միջադեպով ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- Ոստիկանության հաղորդագրության մեջ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները