Ագարակում ստեղծվող ազատ տնտեսական գոտին 2500 նոր աշխատատեղ կապահովի

Ազատ տնտեսական գոտի ստեղծելու հիմնական նպատակն Իրանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումն է:
tntesakan-goti

10 տարիների ընթացքում 350-ից 400 մլն դոլարի ներդրումներ եւ 2.5 հազար աշխատատեղ: Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ Իրանի սահմանակից տարածքում, ստեղծվող ազատ տնտեսական գոտուց կանխատեսվող արդյունքներն են:

Ազատ տնտեսական գոտի ստեղծելու հիմնական նպատակն Իրանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումն է: Այսինքն, ակնկալիքը հետեւյալն է՝ նպաստել մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը եւ արտահանման ծավալների ավելացմանը:

Գործունեությունն այդտեղ ծավալվելու է գյուղմթերքի, սննդի վերամշակումից մինչեւ նոր բարձր տեխնոլոգիական նյութերի արտադրություն, դեղագործություն եւ տեքստիլ արդյունաբերություն:

Ազատ տնտեսական գոտում գործելու է մաքսակետ, արտադրական տարածք, բիզնես կենտրոն: Այդտեղ այցելուներն ապրանքները կգնեն առանց մաքսատուրքի:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի խոսքով, ներդրողներն իրենց առաջարկները կարող են ներկայացնել մինչեւ փետրվարի 10-ը: Ամենայն հավանականությամբ ազատ տնտեսական գոտին կգործարկվի մինչեւ տարվա վերջ:

«Որպես կազմակերպիչ հանդես գալու նախնական հետաքրքրություններ ունենք իրանական կողմից, ունենք ռուսական ընկերությունների կողմից, ունենք չինական ընկերության կողմից: Նաեւ հայկական ընկերության կողմից: Մենք կփորձենք ստանալ հետաքրքրությունների դեպքում այդ առաջարկությունները, կփորձենք ամփոփել եւ դրա հիման վրա արդեն իսկ վերջնական որոշում կկայացվի, թե որ ծրագրին է կառավարությունը հավանություն տալիս»,- ասում է  Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։

 

*

*