Միասնական պլատֆորմ դեռ չի ստեղծվել, բայց ընդդիմության տունն արդեն կռիվ է ընկել

Ո՞վ է միակ ընդդիմադիր ուժը Հայաստանում, ո՞վ է ընտրական օրենսգրքի հետ կապված իշխանությունների դեմ պայքարելու...

Խորհրդարանական ճեպազրույցում այսօր պատգամավորները ոչ այնքան խոսել են քառօրյայի ընթացքում քննարկված հարցերի մասին, որքան միջկուսակցական խնդիրներ են պարզաբանել։ Ո՞վ է միակ ընդդիմադիր ուժը Հայաստանում, ո՞վ է ընտրական օրենսգրքի հետ կապված իշխանությունների դեմ պայքարելու համար ընդդիմադիր քաղաքական պլատֆորմի հեղինակը։

«Հենց նոր իմացա, որ նաեւ «Հայկական վերածնունդն» էլ միանում մեր պլատֆորմին»,- ասաց ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը։

«Ուրա՞խ եք դրա համար» հարցին նա հակադարձեց, թե ուրախ կլինեին, որ Հանրապետականն էլ միանար։

Հանրապետականից դժվար միանան, բայց «Հայկական վերածննդի», ասել է թե՝ «Օրինաց երկրի» ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը ոգեւորված է համախմբումով, բայց հիշեցրեց. 2015 թվականին հենց ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգություն» են միացել իրենց հեղինակած ընտրական օրենսգրքի նախագծին։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Զուրաբյանի կարծիքով, Հայաստանում միայն մեկ իրական ընդդիմադիր ուժ կա: Լրագրողների հարցին, թե ո՞ւմ է նա տեսնում այդ կարգավիճակում, Զուրաբյանն անուն չտվեց, թե եզրակացությունները թողնում է հանրությանը:

Համախմբվում են ընդդիմադիր ուժերն իշխանության դեմ պայքարելու, բայց չեն դադարում քաղաքական, այսպես ասած՝ «մեղքերի» համար միմյանց մեղադրել։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե՝ ՀԱԿ-ի նախորդ հանդիսացող ՀՀՇ-ն 1990-ականներին ավտորիտար ուժ էր ու հիմա նույնպես ստիպված է պայքարել իշխանությունների դեմ, Լեւոն Զուրաբյանն այսպես արձագանքեց։

«Այսքան տարի ես ՀԱԿ-ում եմ, բայց ոչ մի նման բան չեմ տեսել: Գուցե իմ զգայարանները բթացել են: Շնորհակալ եմ Փոստանջյանին տեղեկատվության համար: Եթե այդպիսի տեղեկատվություն շարունակի ստացվել, ես նորից նրան շնորհակալ կլինեմ: Թե որքանո՞վ է մեր կուսակցության ռեժիմն ավտորիտար, ում՞ից պետք է ազատվել, վերջապես կիմանամ։ Երեւի ՀԱԿ-ից դուրս գտնվող մարդիկ ավելի լավ գիտեն, թե ի՞նչ է ՀԱԿ-ի ներսում կատարվում»:

Խորհրդարանի մեկ այլ, ոչ իշխանական ուժ չի պատրաստվում միանալ այդ պլատֆորմին։ Քաղաքական կյանքի փորձը հաշվի առնելով՝ ԲՀԿ-ն այս անգամ առանձին է գործելու։

«ԲՀԿ-ն որոշել է որեւէ երկյակ, եռյակ, պլատֆորմ ֆորմատներով հանդես չգալ: Մենք պատրաստ ենք բոլոր քաղաքային ուժերի հետ միասին պաշտպանել առաջարկները։ Տեսանելի ապագայում մենք չենք ցանկանում մեզ կաշկանդել տարբեր ֆորմատներով»,- ասաց ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը։

Խորհրդարանի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դրական է գնահատում միասնական պլատֆորմ ստեղծելու որոշումը։ Բայց նաեւ հորդորում է՝ չխոսել վերջնագրերի բառապաշարով։

Հանրապետականում էլ չեն վախենում ընտրական օրենսգրքի նախագծի դեմ պայքարում միավորված ընդդիմության միասնական պլատֆորմից։

*

*