Նոր ԱԺ՝ հին դեմքերով. 6-ի փոխարեն 4 ուժ

131 պատգամավորի փոխարեն նոր խորհրդարան կգան, նախնական հաշվարկով՝ 105-ը, մեծ մասամբ նախկին պատգամավորներ։

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի ապրիլի 9-ին: Նախնական արդյունքներից արդեն հայտնի է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է լինելու 4 քաղաքական ուժ՝ 5-րդ գումարման 6 ուժի փոխարեն, իսկ 131 պատգամավորի փոխարեն նոր խորհրդարան կգան, նախնական հաշվարկով՝ 105-ը:

Ո՞ր ուժերը հեռացան Ազգային ժողովից, որոնք նորից Ազգային ժողով կգան եւ ինչպիսի՞ կազմերով:

Նիստերի դահլիճի այն հատվածը, որը զբաղեցնում էին ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», 6-րդ գումարման Ազգային ժողովում այլ «տեսք» կունենա: ՀԱԿ-ից դարձյալ խորհրդարան կգա միայն Նիկոլ Փաշինյանը, բայց արդեն որպես «Ելք» դաշինքի ներկայացուցիչ: Ամենայն հավանականությամբ՝ նրա հետ նույն շարքում կնստի կուսակցականացված Էդմոն Մարուքյանը: «Ելք»-ը նոր խորհրդարանի միակ նոր ուժն է, ունենալու է 9 պատգամավոր:

Այս անգամ խորհրդարան կգնա նաեւ Արամ Սարգսյանը. 2003-ին նա բոյկոտեց Ազգային ժողովի նիստերը, 2008-ին՝ հրաժարվեց պատգամավորական մանդատից:

ՀՅԴ խմբակցությունը նոր խորհրդարանում մի քիչ կընդլայնվի՝ 7 պատգամավոր՝ 5-ի փոխարեն: Կազմը հայտնի է մասամբ՝ Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Արմենուհի Կյուրեղյան: Համապետական ցուցակի անցողիկ տեղերից 3-ն այս պահին կառավարության անդամներ են. կդառնան պատգամավոր, թե ոչ՝ կպարզվի նոր կառավարության ձեւավորման ընթացքում:

ՀՅԴ տարածքային ցուցակներից ամենաշատ քվեները ստացել են Տավուշի մարզից Սուրեն Մանուկյանը, Շիրակից՝ Ռոմիկ Մանուկյանը, Արմավիրից՝ Անդրանիկ Կարապետյանը:

Անունով նոր է լինելու «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունը: Նախնական հաշվարկով՝ այս ուժի 30 մանդատներից 6-ը կստանան նախկին ԲՀԿ խմբակցության պատգամավորները՝ Գագիկ Ծառուկյան, Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, Տիգրան Ուրիխանյան, Վահե Էնֆիաջյան, Մելիք Մանուկյան: Մանդատից չհրաժարվելու դեպքում այս խմբակցության կազմում կլինեն Գագիկ Ծառուկյանի երկու դուստրերի ամուսինները՝ Դավիթ Մանուկյանն ու Արգամ Աբրահամյանը, Հովիկ Աբրահամյանի զարմուհին՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը, նախկին ՀՀԿ-ական, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը:

«Հանրապետականի» նոր խմբակցությունում Առաքել Մովսիսյանը, Վարդան Այվազյանը չեն լինի. նրանք պարտվել են տարածքային պայքարում: Փոխարենը՝ պատգամավոր կդառնան ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանը, Սեյրան Սարոյանը, Երեւանի քաղաքապետի աներձագ Ռոբերտ Սարգսյանը դարձյալ կլինեն խորհրդարանում: ՀՀԿ-ի տարածքային թեկնածուներից ամենաշատ ձայները հավաքել են Արայիկ Գրիգորյանը, Կարեն Կարապետյանը, Սամվել Ալեքսանյանը: Նրանք երեքը միասին հավաքել են ավելի քան 132 հազար ձայն. ձայների քանակով այս երեքին գերազանցում են միայն ՀՀԿ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը:

Նոր խորհրդարանում «Հայկական վերածնունդ» անունով խմբակցություն չի լինի. Արթուր Բաղդասարյանի ղեկավարած ուժն իր խորհրդարանական պատմությունը ավարտեց «Օրինաց երկիր» անունով. խմբակցությունը չհասցրեց փոխել անունը:

Հեղինակ՝

Մարիամ Բարսեղյան

*

*