41 պատգամավորից միայն 15-ն է անցած 4 տարիների ընթացքում որեւէ հարց տվել կամ ելույթ ունեցել

«Ազգային ժողովի մոնիտորինգ ծրագիրը» թեմատիկ հավելվածներով ամփոփում է Ազգային ժողովի աշխատանքը:

5-րդ գումարման Ազգային ժողովի գործունեությանը մնացել են հաշված ամիսներ, եւ «Ազգային ժողովի մոնիտորինգ ծրագիրը» թեմատիկ հավելվածներով ամփոփում է Ազգային ժողովի աշխատանքը:

Այսօր լրագրողներին է ներկայացվել խորհրդարանի 41 մեծամասնական պատգամավորների գործունեության պատկերը. ի՞նչ են նրանք խոստացել եւ ինչպե՞ս են կատարել իրենց նախընտրական ծրագրերը, քանի՞ օրենքի նախագիծ են գրել, քանի՞ անգամ են մոտեցել ամբիոնին ու բացակայել նիստերից:

Ազգային ժողովի 41 մեծամասնականներից ամենաշատ օրենքի նախագիծ գրած պատգամավորը Էդմոն Մարուքյանն է: Անցած 4 տարվա ընթացքում ինքը, միայնակ, գրել է 24 նախագիծ, ընդունվել է 1-ը: Ավելի շատ կգրեր, եթե Գալուստ Սահակյանը չխանգարեր.

«Մի պահ հասկացա, որ Ազգային ժողովի նախագահը կարող է նույնիսկ դրական եզրակացություն ստացած նախագիծը մի կողմ դնել, ու այն այդպես առանց քննարկվելու մնալ օրակարգում: Դրա համար պետք է կանոնակարգում համապատասխան ուղղումներ կատարել»,- ասաց նա:

2012-ին մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներն անցած տարիներին, եզակի բացառություններով, օրինաստեղծ գործունեությամբ աչքի չեն ընկել:

«Տխուր պատկեր է։ 41 պատգամավորից միայն 15-ն է անցած 4 տարիների ընթացքում որեւէ հարց տվել կամ ելույթ ունեցել: 26-ը լուռ է եղել: Այսինքն, 41 մեծամասնական պատգամավորների 2/3-ը օրինաստեղծ գործունեությանը չի մասնակցել»,- ասում է «Ազգային ժողովի մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:

«Մեծամասնականներին համամասնականներից մի զատեք»,- հորդորեց թիվ 2 ընտրատարածքի պատգամավոր, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը: Չբացառեց, որ 2017-ի ընտրություններից առաջ, տարածքային ցուցակների թեկնածուներին որոշելիս կուսակցությունը հաշվի առնի՝ ինչպես են նրանք աշխատել այսօր:

«Կարծում եմ, որ գալիք ընտրություններից առաջ հաշվի են առնվելու ոչ միայն այս դիտարկման արդյունքները, այլ ընդհանրապես՝ այն աշխատանքը, որ այսօր կատարվում է Ազգային ժողովում»,- ասաց Ֆարմանյանը։

2017-ին մեծամասնական ընտրակարգով ընտրություներ չեն անցկացվելու, բայց տարածքային ցուցակները կազմելիս, Մարուքյանը համոզված է, մեծ է լինելու հենց Ազգային ժողովում չաշխատող պատգամավորների դերը:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսպես կոչված չաշխատող պատգամավորներն են ընտրությունների ժամանակ ձայն բերում, ու դրա համար էլ նրանք տեղ են գտնում ե´ւ իշխանության, ե´ւ նաեւ ոչ իշխանության ցուցակներում, ու նրանք նորից գալու են խորհրդարան»,- ասում է Մարուքյանը:

Ազգային ժողովի 41 մեծամասնական պատգամավորներից 30-ը հանրապետական են, 8-ը ԲՀԿ-ական, 3-ը՝ անկուսակցական: Սա, ըստ ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանի, նշանակում է, որ նրանք արտահայտում են հանրության միայն քաղաքականացված հատվածի շահերը ու չեն անտեսում նաեւ օլիգարխիայի հետաքրքրությունները. հատկանշական է, որ Ազգային ժողովի ամենահարուստ 10 պատգամավորներից 9-ը ընտրվել են մեծամասնական ընտրակարգով:

*

*