Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առաջադրվել է երեք քաղաքական ուժ...
qaghaqapetaran (1)

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկում է ապրիլի 21-ին: Մինչև մայիսի 12-ը ներառյալ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն Երևանի զարգացման իրենց տեսլականն ու ծրագրերը:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝ «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը, «Ելք» դաշինքը և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքի ցուցակը՝ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը՝ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ելք» դաշինքն արդեն սկսել է քարոզարշավը՝ կեսգիշերին «Հաղթանակ» զբոսայգուց երկինք օդապարիկներ բաց թողնելով: Ապրիլի 21-ին դաշինքի անդամները Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող տարածքից երթով կշարժվեն Հյուսիսային պողոտա, որտեղ կկայանա հավաք և համերգ:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քարոզարշավը կսկսի Էրեբունի վարչական շրջանից, որտեղ կուսակցության ավագանու թեկնածուները գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ բակային հանդիպումներ կունենան բնակիչների հետ:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը քարոզարշավը սկսելու է հեծանվաերթով, որը կմեկնարկի Ազատության հրապարակից, ապրիլի 21-ին, ժամը 17:00-ին:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին:

*

*