Գերմանական մամուլն անդրադարձել է իսրայելական Aueronautics ընկերության ադրբեջանական սկանդալին

Թերթը անդրադարձել է նաև այդ ընկերության դեմ այս տարվա օգոստոսից ընթացող հետաքննության մանրամասներին
Obiter1K

Գերմանական մամուլը լայնորեն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյաուհի՝ Հնդկաստան կատարած այցին, որի ժամանակ վերջինիս պատվիրակության կազմում ընդգրկված են եղել հարյուրից ավելի ընկերություններ, այդ թվում Իսրայելի` մեծությամբ հինգերորդ խոշոր ռազմաարդյունաբերական և անօդաչու սարքեր արտադրող առաջատար ընկերություններից մեկը համարվող Aueronautics ընկերության ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գերմանիայում ՀՀ դեսպանությունից, գերմանական Tageszeitung օրաթերթը նշել է, որ Aueronautics ընկերության հաճախորդներից է նաև Գերմանիայի պաշտպանության նախարարությունը, որը մինչև 2019թ. վարձակալման հիմունքներով օգտագործում է Heron1 հետախուզական անօդաչու սարքը: Ընկերության ամենամեծ գնորդն Ադրբեջանն է, որի հետ միայն անցած տարի ստորագրվել են 20 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրեր:

Միաժամանակ թերթը նաև անդրադարձել է այդ ընկերության դեմ այս տարվա օգոստոսից ընթացող հետաքննության մանրամասներին` նշելով, որ ընկերության բարձրաստիճան աշխատակիցները կասկածվում են անցյալ ամառ Լեռնային Ղարաբաղի տարածքում փորձնական թռիչք իրականացնելու մեջ: Դրա հիման վրա Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից ընկերության դեմ կիրառվել է «արտահանման արգելք», որը հիմնականում վերաբերում է «Օրբիտր-1K» հարձակողական անօդաչու սարքերին: Վերջիններս, ինչպես նշված է ընկերության պաշտոնական կայքէջում, կարող են 1-2 կգ պայթուցիկ տեղափոխել «մեր արտերկրյա կարևոր հաճախորդի համար»: Թերթը նշում է, որ ինչպես հայտնի դարձավ վերջերս, այդ հաճախորդն Ադրբեջանն է, որի տարածքից էլ իրականացվել է փորձնական թռիչքը դեպի Լեռնային Ղարաբաղ:

*

*